Bloomberg գործակալության ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը այսօր երեկոյան Բաքվից արտաքսվել է Ստամբուլ:
«Ես չափազանց զարմացած եմ տեղի ունեցածից: Արդեն երեք շաբաթ է` մենք բանակցում էինք Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ և փորձում [Ադրբեջան] այցելելու թույլտվություն ստանալ: Ձեր ԱԳՆ-ի պատասխանատուն խնդրել է իրեն 10 օր տալ` հարցերը կարգավորելու համար», – Turan գործակալությանը պատմել է Դիանա Մարկոսյանը:
Լրագրողի խոսքով` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո իրեն թույլ են տվել այցելել Բաքու, սակայն օդանավակայանում նա փաստի առաջ է կանգնել:
«Բաքվի օդանավակայանում ինձ ասացին, որ իմ մուտքն արգելված է ծագմանս պատճառով: Իսկ ԱԳՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ ոչինչ անել չի կարող», – ասել է Մարկոսյանը:
«Կարելի է ամեն ինչ հասկանալ, անգամ մուտք գործելու արգելքը: Բայց ինչո՞ւ խոստանալ այն, ինչ դուք չեք կարող անել», – հավելել է լրագրողը:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Գուսեյնովը Turan-ին ասել է, որ Մարկոսյանի փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է և որ իրեն արգելում են մուտք գործել Ադրբեջանի տարածք հայկական ազգանվան պատճառով: Նա ժամանել է Բաքու հունիսի 28-ի լույս գիշերը, սակայն մինչև ցերեկվա երեքը դեռ տրանզիտային գոտում էր: Մարկոսյանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացի է, իսկ Բաքու ժամանել է ռուսաստանյան անձնագրով:
Միևնույն ժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ Մարկոսյանը հավատարմագրված չէ: Պոլուխովի խոսքով` ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ դիմում էր ստացվել Bloomberg-ի ներկայացուցիչ Մայքլ Սմիթին հավատարմագրելու վերաբերյալ, սակայն երբ դիմումը բավարարվել է, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ստացել այն մասին, թե Սմիթին ուղեկցելու է ֆոտոլրագրող Դիանա Կազարյանը (դիմումում ազգանունը այդպես էր նշված):