Երեքշաբթի Լիբանանում 5 րոպեով կաթվածահար է եղել երթևեկությունն ու դադարեցվել որոշ պետական հաստատությունների աշխատանք այն պատճառով, որ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստները բողոքում էին նոր կազմավորված կառավարությունում կին նախարարների բացակայության դեմ, հաղորդում է The Daily Star-ը:
Լիբանանի կանանց շարժման անդամ մի քանի տասնյակ խմբեր ակցիայի էին դուրս էկել հետևյալ գրությամբ պաստառներով`«Առանց կանանց կառավարությունը հետընթաց է ապրում»:
«Պարզապես անպատվություն է նոր կառավարություն ստեղծել առանց կանանց: Դա վատ նշան է»,- Daily Star-ի հետ զրույցում հայտարարել է խցանման մեջ մնացած վարորդ Զեյնան, ով ողջունել է ցուցարարների նախաձեռնությունը:
Քանի որ Ներքին գործերի նախարարությունը արտոնել էր ցույցը, նախարարությունների, մի քանի առաջատար բանկերի և հիվանդանոցների, ինչպես նաև որոշ համալսարանների աշխատակցիները 5 րոպեով դադարեցրել էին աշխատանքը` իրենց աջակցությունը հայտնելով ցուցարարներին:
«Մենք գնում ենք այս քայլին, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը և ասենք, որ այն, ինչ իրականացվում է կանանց նկատմամբ արդար չէ»,- նշել է Լիբանանի կանանց խորհրդի նախագահ Աման Շաարանին:
Հայաստանի Ընդհանուր Բարեգործական Միության լիբանանյան մասնաճյուղի նախագահ, ցույցի մասնակից Աիդա Մարգարյանն ասել է, որ վերջին երեք կառավարություններում երկուական կին նախարար է եղել:
«Իսկ վարչապետ Նաջիբ Միկատին հունիսի 13-ին հայտարարեց կառավարության կազմը, որտեղ բացակայում էին կանայք: Մենք շատ երկար ենք աշխատել այս ուղղությամբ և այնքան ուրախ էինք կին պատգամավորներ տեսնել, եթե անգամ նրանց տոկոսը չափազանց փոքր էր»,- ասել է Մարգարյանը:
Կանանց իրավունքների ակտիվիստներն այժմ պատրաստվում են մեծ համազգային արշավ սկսել` ստիպելու համար իշխանությունների կին նախարար նշանակել և դադարեցնել ցանկացած տիպի ենթակառուցվածքային խտրականությունները կանանց նկատմամբ:
«Նոր սերունդը այլ մտածողություն ունի, նրանք նպատակասլաց են և ես վստահ եմ, որ նրանք կվերադառնան և հետ կնվաճեն իրենց իրավունքները»,- ասել է Մարգարյանը: