Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն չունեն այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլիներ լուծել բանակցությունների միջոցով, հայտարարել է երկօրյա այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է «GHN»-ը:
Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակելու են պահպանել ներկայիս հարաբերությունները:
«Մենք պայամանավորվել էինք տարվա մեջ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ հանդիպել: Այժմ կյանքի ենք կոչում այդ համաձայնությունը: Երբեմն այսպիսի հարցադրումներ են լինում` ի՞նչ է, դուք այդքան խնդրահարույց հարցե՞ր ունեք, որ պետք է նման հաճախականությամբ հանդիպեք: Հենց դրա համար էլ ես ու իմ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ենք, որպեսզի Վրաստանի և Հայաստանի միջև ոչ մի խնդիր չառաջանա»,- ասել է Վաշաձեն:
Նախարարը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր արդիական հարցերը:
«Ուզում եմ նշել, որ երկու երկրների միջև երբեք նման հարաբերություններ չեն եղել: Այս հարցում մեծ է երկու երկրների նախագահների ներդրումը: Մենք քննարկել ենք փոխադարձ այցելությունների հարցը ամենաբարձր մակարդակի վրա, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, այն, թե ինչպես պետք է զարգանա մեր համագործակցությունը տրանսպորտի, տնտեսության ոլորտում և մնացյալ հարցերում»,- ընդգծել է Վաշաձեն:
Նախարարները քննարկել են նաև հումանիտար կողմին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանում և Վրաստանում մշակութային շաբաթ անցնակցնելու հարցը: