Բացօթյա առևտուր իրականացնող կանայք քաղաքապետարանի աշխատակիցների հետ վիճաբանությունից հետո դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյկանին, ինչպես նաև Էրեբեունու ոստիկանության բաժին:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հունիսի 27-ին Տիգրան Մեծ պողոտայի` «Այրարատ» կինոթատրոնից ներքև ընկած հատվածում, տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ, բացօթյա առևտուր իրականացնող կանանց խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու երկու ոստիկան իրենց հրահանգել են լքել տարածքը` միաժամանակ հայհոյելով նրանց: Կանանցից մեկը ուշագնաց է եղել, և իրենք ստիպված են եղել շտապօգնություն կանչել:
Դիմում-բողոքում տիկին Գայանեն ներկայցրել է, թե ինչպես է քաղաքապետարանի առևտրի բաժնի պետի տեղակալ Արման Եդոյանը մոտեցել մեծահասակ կանանց, հայհոյել, թափել նրանց ձեռքի շորերը և միրգը:
«Մենք պահանջում ենք մեր անձը վիրավորելու, հայհոյելու, նամուս թասիբը ոտնահարելու համար պատժել օրենքով և թույլ չտալ նման մարդկանց իրենց պահվածքով ազատություն տալ լեզվին և ձեռքներին: Նման արարք, եթե չեմ սխալվում, կոչվում է մասսայական խուլիգանություն, ու փաստացի ունեմ վկաներ, որոնք ներկա են եղել միջադեպին», – մասնավորապես, ասված է դիմումի մեջ: