Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր ակումբի` Դոնեցկի «Շախտյորի» կազմում դարձավ Ավստրիայում անցկացվող «Զալցբուրգեր Կապ» ընկերական մրցաշարի հաղթող:
Եզրափակիչ խաղում «Շախտյորը» երեկ հանդիպեց իսրայելական Հայֆա քաղաքի «Մաքաբի» թիմի հետ և պարտության մատնեց մրցակցին 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ 56-ին երկրորդ գնդակը խփեց Ալեքս Տեյշեյրան:
Նշենք, որ Մխիթարյանը խաղադաշտում մեկ խաղակես անցկացրեց` աչքի ընկնելով արդյունավետ ու ակտիվ խաղով: Բացի խփած գնդակից, հայաստանցին ևս երկու անգամ կարող էր գոլի հեղինակ դառնալ: Մի դեպքում իսրայելական ակումբին փրկեց դարպասաձողը, իսկ մյուս դեպքում Մխիթարյանը, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, բախվեց նրա հետ և չկարողացավ դիպուկ հարված կատարել: