Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև մոտ երկու տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի կազմակերպիչ Արման Մխիթարյանը, իրենք պահանջում են վերանայել թանկացման մասին որոշումը:
«Այսօր մենք նամակ ենք հանձնելու քաղաքապետին և սպասելու ենք պատասխանի: Եթե սահմանված կարգով մինչև հուլիսի 13 չպատասխանեն, մենք այդ օրը շատ մեծ ցույց ենք անելու»,- ասել է Մխիթարյանը:
«Մեր ֆեյսբուքյան խումբը մոտ 5000 այցելու ունի, իսկ այսօր մեր սակավաթվությունը պայմանավորված է նրանով, որ շատ ուշ ենք կազմակերպել ակցիան, և բոլորը չէ, որ հասցրել են տեղեկանալ», – ասել է նա:
Ակցիայի մասնակից թոշակառու Իշխան Թովմասյաննի խոսքով` մետրոն ու թանկացումը բոլոր քաղաքացիներին են վերաբերում, և ակցիաներին բոլորը պետք է մասնակցեն:
«Այսօր ուրախությանս չափ չկա, որ մեր երիտասարդությունն արթնանում ա, ցանկացած բանի համար եթե երիտասարդները կանգնած լինեին, մենք այսօր էս վիճակում չէինք լինի: Իմ պարտքն է ներկա լինել այնտեղ, որտեղ երիտասարդությունն է, որտեղ արդարությունն է»,- ասել է Թովմասյանը:
Նշենք, որ արդեն այսօրվանից` հուլիսի 1-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձը դարձել է 100 դրամ։ Այս մասին հունիսի 21-ին հայտարարել էր քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` այդ կերպ քաղաքապետարանը մտադիր է նպաստել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու ներուժի առավելագույն օգտագործմանը։
Երևանի մետրոպոլիտենից տարեկան օգտվում է 20 մլն. ուղևոր, ինչը կազմում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորների 5-6%-ը: 2010թ. ՀՀ պետբյուջեից երևանյան մետրոպոլիտենին հատկացրած դոտացիան կազմել է 1 մլրդ 845 մլն դրամ: