Թուրքիայի խորհրդարանը երկուշաբթի նոր խոսնակ է ընտրել, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիր որոշ ուժեր բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը`պահանջելով ազատ արձակել իրենց կուսակցությունների 8 թեկնածուների:
Խորհրդարանի ղեկավարի ընտրությունների երրորդ փուլում 550 պատգամավորներից 322-ի աջակցությունն է ստացել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ջեմիլ Չիչեկը: Նա այս պաշտոնում փոխարինելու է իր կուսակից Մեհմեթ Շահինին:
Նորընտիր խորհրդարանում 135 տեղ ստացած հիմնական ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավորները քվեարկության ընթացքում ներկա են եղել դահլիճում, սակայն քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո նրանք հրաժարվել են ստանալ մանդատները: Իսկ քրդերի շահերը պաշտպանող քաղաքական բլոկն առհասարակ չի ներկայացել խորհրդարան:
Երկու կուսակցությունները վիճարկում են իրենց 8 թեկնածուներին անազատության մեջ պահելու դատարանների որոշումները և բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը: Այս թեկնածուները մեղադրվում են հակակառավարական ծրագրերի իրականացման և քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու մեջ:
Նշենք, որ Էրդողանը նրանց պահանջներին ընդառաջ գնալու մտադրություն դեռևս չունի:
Վարչապետ նշել է, թե ընդդիմությունն իր մեջ պետք է փնտրի 8 թեկնածուների բանտարկության պատճառները:
«Մենք թույլ չենք տա որպեսզի փոքրամասնությունն իր կամքը թելադրի մեծամասնությանը: Կտեսնենք, նրանք դեռ կփոշմանեն իրենց խոսքերի համար», – հայտարարել է Էրդողանը: