Հուլիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը կազմակերպել էր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդեսին ներկայացված էին 7 հիմնարկների մոտ 37-40 դատապարտյալների աշխատանքներ, այդ թվում` կանանց և անչապահասների:
Ըստ հիմնադրամի տնօրեն Կառլեն Թորոսյանի` կարևոր չէ այդ աշխատանքներն ունեն մեծ գեղարվեստական նշանակություն, թե` ոչ:
«Կարևորն այն է, որ իրենք արդեն սկսել է աշխատել, և այս աշխատանքն իրենց ավելի է ոգևորում: Այսօրվա միջոցառումը, որը նվիրված է Սահմանադրությանը, ձևի համար չէ, և իրենք բոլորն էլ գիտեն, որ մենք այսօր քայլեր ենք անում իրենց պայմանները բարելավելու համար», – ասել է Թորոսյանը:
Որոշ աշխատանքներն արդեն իսկ հանձնվել են Երևանի մի քանի խանութներին, մասնավորապես, Աբովյան փողոցի վրա գտնվող հուշանվերների խանութին: Հասույթը, հիմնադրամի տնօրենի խոսքով, տրամադրվում է դատապարտյալներին, որոնց հետ նրանք պայմանագիր են կնքել:
«Կանխիկ փող տալու իրավունք չունենք: Ամեն դատապարտյալ ունի հաշվարկային հաշիվ, մենք փոխանցում ենք քրեակատարողական հիմնարկի հաշվապահություն, ինքն այնտեղ ստանում է, իր քարտի վրա գրվում է, որ ինքը ստացել է այսքան գումար և իրավունք ունի ծախսել», – պարզաբանել է Թորոսյանը:
Այդ գումարով, հավելել է նա, դատապարտյալը կարող է առևտուր անել կրպակում:
Նշենք, որ այսօր ցուցահանդեսն այցելել է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով 15000 դրամով դատապարտյալներից մեկի կողմից արված Մինաս Ավետիսյանի գեղանկարի արտատպումն է գնել: