ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունն առայժմ չի հարցաքննել Youtube վիդեոհոսթինգի կայքում մարտի 1-2-ի դեպքերը պատկերող տեսանյութեր տեղադրող martimek2008 օգտատիրոջը:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ հատուկ կարևոր գործերով քննիչ, «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ «168 ժամ» պարբերականը գրել էր, որ, Հարությանյանի խոսքով, տեսանյութերը YouTube վիդեոհոսթինգում տեղադրողին հարցաքննել են, սակայն հարցաքննությունը դեռ հրապարակման ենթակա չէ: Թերթը գրել էր նաև, որ տեսանյութեր տեղադրողը գործով անցնում է որպես վկա:
Հիշեցնենք, որ martimek2008 օգտատերը մայիս ամսից սկսած 4 տեսանյութ է տեղադրել:
Վերջին տեսանյութը տեղադրվել է հունիսի 16-ին: 2 րոպե 45 վայրկյան տևողությամբ հոլովակը կոչվում է «Դիպուկահարի կողմից գնդակահարված Գրիգոր Գևորգյանը»: Տեսանյութին կցված տեքստում օգտատերը նշում է, որ տեսանյութում պատկերված է այն պահը, երբ դիպուկահարները գնդակահարում են Գրիգոր Գևորգյանին, իսկ այնուհետև թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարները օգնություն ցույց տան նրան: Նույն օգտատերն ավելի վաղ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ևս երեք տեսանյութ էր տեղադրել` «Սահմանապահ զորքերը Ազատության հրապարակում», «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին…» և «Սամվել Հարությունանի գնդակահարությունը …01.03.2008թ»: