Վատիկանի արխիվների բացումը, որտեղ կա նոր տեղեկատվություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, կհարստացնի հայերի գիտելիքները թուրքերի դաժանության, անմարդկային վերաբերմունքի մասին: Epress.am-ի հետ զրույցում Վատիկանի` արխիվները բացելու մասին որոշումն այսպես է մեկնաբանել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա ասել է, որ այդ արխիվը ևս մեկ կռվան և հենարան կհանդիսանա, որպեսզի միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ հաստատվի, որ Ցեղասպանության փաստի հերքումն ուղղակի անհեթեթություն է:
«Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ունենալով Բենեդեիկտոս 15-րդի նամակները, որտեղ նա պարզապես խնդրում էր դադարեցնել հայերի նկատմամբ իրագործվող վայրագությունները: Այդ արխիվների բացումը փոփոխություն կմտցնի այն առումով, որ մինչ այսօր պարբերաբար դուրս հանվող տեղեկատվությունը կհարստանա: Իսկ ես վստահ եմ, որ կան այդ տեղեկատվությունը կրող անձինք, ովքեր որոշակի հաճախականությամբ նոր փաստեր են դնում շրջանառության մեջ»,- ասել է Դեմոյանը:
Նա հավելել է, որ Վատիկանի արխիվների բացումը կնպաստի նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: