Հայաստանի ազգային պատկերասրահում բացված սյուրռեալիստական ուղղության նկարիչների գործերի ցուցահանդեսը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել հայաստանցիների շրջանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կարի Ամիրխանյանը:
Նշենք, որ ցուհանդեսը, որտեղ ներկայացված են Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջիո դե Կիրիկոյի շուրջ 160 աշխատանքներ, բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:
Արդեն այսօր առավոտից դեպի ցուցահանդեսի դահլիճներ մարդկանց բավական մեծ հոսք է նկատվել: Ամիրխանյանի խոսքով` Facebook սոցիալական կայքում ցուցահանդեսին նվիրված էջում արդեն իսկ 3000 հոգի հաստատել է իր մասնակցությունը:
Հարցին, թե արդյոք պատկերասրահի աշխատակազմը կարծում է, որ երեք ամիս շարունակ այս ակտիվությունը կպահպանվի, աշխատակիցներից մեկը վստահություն է հայտնել, որ հետաքրքրությունը չի նվազի:
«Դալիի համար 3 ամիսն էլ է քիչ», – ասել է նա:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդեսի այցելուները հիմնականում նշում էին, որ եկել են դիտելու հատկապես Դալիի գործերը:
Նշենք, որ այսօր առավոտյան ցուցահանդեսի այցելուների շրջանում միջին տարիքից բարձր մարդկանց թիվը գերակշռում էր: