Նախօրեին Վոլգա գետում խորտակված թաթարական «Բուլգարիա» շոգենավի շուրջ փրկարար աշխատանքներ կատարող ջրասույզները երկուշաբթի առավոտյան մեծ թվով դիակներ են հայտնաբերել, հայտնում է Թաթարստանի Արտակարգ իրավիճակների շրջանային վարչությունը: Զոհվածների թիվը կարող է մոտենալ պաշտոնապես դեռևս անհայտ կորածներ համարվողների թվին` 104 մարդ: Շոգենավի վրա գտնվող մարդկանց մեկ երրորդը երեխաներ են, գրում է «Իզվեստիա» թերթը:
Զոհվածների մասին պաշտոնական տվյալները պարբերաբար թարմացվում են: Ըստ վերջին տվյալների` 9 մարդկանց մարմիններ են հայտնաբերվել, այդ թվում` մեկ երեխայի, 79 մարդ փրկվել է:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ջրասույզ փրկարարներն աշխատել են ողջ գիշեր: Այս մասին գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Իգոր Պանշինը. «Նրանք թակում էին տարբեր կորպուսների դռներ` հնարավոր պատասխանի ակնկալիքով, սակայն, ցավոք սրտի, պատասխան չկար: Առավոտյան լուսավորել են ներքին բաժինները` ռեստորանները, բառերը, երաժշտական սրահը, որտեղ սովորաբար մարդկանց մեծ կուտակումներ են լինում: Այնտեղ մարդիկ կան: Բայց նրանց մեջ կենդանի մարդիկ չկան»,- հայտնել է նա:
Գործակալությունը նաև հայտնում է, որ խորտակման պահին երաժշտական սրահում կարող էին մոտ 50 երեխաներ լինել: Հաղորդագրություններ կան այն մասին, որ այնտեղ այդ պահին միջոցառում է անցկացվել:
Թաթարստանի Արտակարգ իրավիճակների վարչությունը երկուշաբթի հայտնել է, որ «Բուլգարիայի» վրա 199 մարդ է եղել:
Հիշեցնենք, որ «Բուլգարիա» շոգենավը խորտակվել է Վոլգա գետի վրա կիրակի` ամպրոպի ժամանակ: