Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լուրջ հակամարտություններ է կանխատեսում երկրի հոգևոր դասի և իշխանությունների միջև` պայմանավորված բոլորովին վերջերս Վրաստանի կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու մասին խորհրդարանի ընդունած օրինագծով:
Թբիլիսյան «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթի հետ զրույցում Շևարդնաձեն հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ներողություն խնդրի Պատրիարք Իլիա Երկրորդից, ում ինքը վաղուց «այդքան վրդովված» չէր տեսել: «Ես անձամբ պատրաստվում եմ այցելել Պատրիարքին և ներողություն խնդրել խորհրդարանականների փոխարեն, որոնք չեն հասկանում` ինչ են անում»,- ասել է նախկին նախագահը:
Շևարդնաձեն նշել է, որ օրինագծի կետերը կարող են հանգեցնել ոչ միայն Հայաստանի կողմից Վրաստանի եկեղեցիների, այլ նաև տարածքների նկատմամբ պահանջների առաջադրման: «Հուսով եմ նման բան տեղի չի ունենա, քանի որ այնտեղ նույնպես կան խելացի մարդիկ, որոնք գիտեն, որ Վրաստանն իրենց բազմիցս փրկել է, և այն հիմա օդի պես անհրաժեշտ է հայերին»:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը հուլիսի սկզբին առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն, 5 կրոնական միավորումների իրավաբանական կարգավիճակ տրամադրվեց Վրաստանում:
Իրավաբանական կարգավիճակ է տրամադրվել Հայկական եկեղեցուն, Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն, Մահմեդական համայնքին, Հուդայական համայնքին և Բապտիստական եկեղեցուն: