Home / Հայաստան / Միջքաղաքային երթուղայինների վարորդները սպասում են ղեկավարության հրամանին

Միջքաղաքային երթուղայինների վարորդները սպասում են ղեկավարության հրամանին

Միջքաղաքային հասարակական տրանսպորտի վարորդները Երևանում առայժմ շարունակում են կանգ առնել «Ռոսիա» առևտրի կենտրոնի ետնամասում, սակայն  ամեն օր սպասում են ղեկավարության հրամանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մասիս-Երևան երթուղայինի վարորդներից մեկը:

«Ասում են, որ քաղաքում խցանումներից խուսափելու համար պիտի մարշրուտկեքը կանգնեն կայարանում: Դե էս մի երեք տարի ա՝  տենց խոսակցություն կա»,- ասել է նա:

Արտաշատ-Երևան երթուղին իրականացնող վարորդներից և ոչ մեկը չցանկացավ պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք կանգառը տեղափոխելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը:

«Բոլոր հարցերով դիմեք ղեկավարությանը»,- կրկնում էին նրանք:

Այսօր առավոտյան Epress.am-ի հետ զրույցում Արտաշատից եկող ուղևորներից մեկը պատմել էր, որ վաղվանից իրենց կանգառը տեղափոխվելու է Երևանի «Գործարանային» կամ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանների հարակից տարածք, իսկ վարորդը ուղևորներին բացատրել էր, որ նման քայլը միտված է մետրոյից օգտվողների թիվն ավելացնելուն:

Epress.am-ը փորձել է հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն Հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ միջքաղաքային տրանսպորտի հարցով զբաղվում է ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը:

«Երբ կապի և տրանսպորտի նախարարությունը լիցենզիա է տրամադրում այս կամ այն երթուղին իրականացնողին, սահմանվում են նաև նրա՝  պայմանականորեն Ա և Բ կետերը: Եվ եթե այդ հարցում փոփոխություններ են տեղի ունենում, դրանք համաձայնեցվում են քաղաքապետարանի հետ»,- ասել է Քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Կապի և տրանսպորտի նախարարությունում, սակայն, ասացին, որ միջքաղաքային երթուղայինների երևանյան կանգառը որոշում Երևանի քաղաքապետարանը: