Առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական Բրյուսելը Հարավային Կովկաս կուղարկի իր նոր հատուկ ներկայացուցչին, որի առաջնային առաքելություններից մեկը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը կլինի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի: Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության` Արևելյան գործընկերության հարցերով գլխավոր կառավարիչ Միրոսլավ Լայչիկը, ով ընդգծել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել իր դերը հակամարտության կարգավորման հարցում, բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշվին:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը մեր հարևանությամբ գտնվող միակ հակամարտությունն է, որի կարգավորման հարցում Եվրամիությունը ուղղակիորեն մասնակցություն չի ցուցաբերում: Մենք չենք կարող հարաբերություններ կառուցել մեր արևելյան հարևանների հետ և ձևացնել, որ այդ խնդիրը գոյություն չունի»,- «Ազադլիղ» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Լայչիկը:
«Ներկայումս սեղանին է դրված խնդրի քաղաքական կարգավորման փաստաթուղթը, որը նոր դաշտ կբացի շատերի գործունեության համար, այդ թվում` Եվրամիության: Բրյուսելը, օրինակ, կարող է մերձեցնել կողմերին, ազդակ հաղորդել հասարակությունների երկխոսությանը, եվրոպական չափանիշներ ներմուծել:
Սակայն այս քայլերը կախված են բանակցային գործընթացների դինամիկայից: Եթե առաջընթաց գրանցվի, մեծ դաշտ կբացվի այս հարցում Եվրամիության մասնակցության համար, իսկ եթե առաջընթաց տեղի չունենա, եվրոպական ընտանիքը որևէ բան անելու ավելի քիչ հնարավորություններ կունենա»,- ընդգծել է Միրոսլավ Լայչիկը: