Այսօր` հուլիսի 12-ին, երկու վրացական թերթեր` «Ռեզոնանսին» ու «Ալիան», ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ռուսաստանյան հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողների, հայտնում է «Ինտերֆաքսը»: Այս պարբերականների հուլիսի 12-ի համարներում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և իշխանությունների այլ ներկայացուցիչների լուսանկարները փակված են սև քառակուսիներով:
Լուսանկարների տակ առկա է հետևյալ գրությունը. «Այստեղ պետք է լուսանկար լիներ, բայց ֆոտոլրագրողները ձերբակալված են»: Նման ակցիա կազմակերպելու կոչով հանդես է եկել ձերբակալված ֆոտոլրագրող Գեորգի Աբդալաձեն, որը համագործակցում է «Ալիա» թերթի հետ: Լրագրողներն ու մի շարք քաղաքական կուսակցություններ արդեն մի քանի բողոքի ակցիաներ են անցկացրել` ի նշան ձերբակալված ֆոտոլրագրողների հետ համերաշխության: Հերթական ակցիան տեղի կունենա խորհրդարանաի շենքի առջև այսօր:
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին ձերբակալվել են մի շարք ֆոտոլրագրողներ, որոնց թվում են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և նրա կինը` Նատիա Գեդենիձեն, ինչպես նաև Վրաստանի ԱԳ նախարարության ֆոտոլրագրող Գեորգի Աբդալաձեն և Եվրոպական ֆոտո գործակալության աշխատակից Զուրաբ Կուրցիկիձեն:
Ձերբակալվածները մեղադրվում են հատուկ ծառայությունների հովանու ներքո ի վնաս Վրաստանի շահերի գործող կազմակերպությանը տարբեր բնույթի տեղեկատվություն հաղորդելու մեջ: Սույն գործով հետաքննություն է ընթանում: