Հուլիսի 11-ի երեկոյան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:
Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Մեդվեդևի ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Միաժամանակ, և Մեդվեդևը, և Օբաման նշել են, որ մտադիր են հետագայում ևս համաձայնեցված քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում Բաքվին և Երևանին օգնելու նպատակով:
Վաշինգտոնի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին հարցի խաղաղ կարգավորման վերջնական բանաձևի ընդունման գործում, որը վերջ կդնի հակամարտությանը: