«Ի տարբերություն մի շարք այլ վերլուծաբանների, ես մինչ այժմ էլ կարծում եմ, որ Ռուսաստանը դրական դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար ճանապարհների որոնման հարցում: Նախագահ Մեդվեդևը անձամբ շատ ժամանակ է ծախսել` փորձելով խաղաղ համաձայնության հասնել»,- Turan գործակալության հետ զրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի պատերազմը կործանիչ կլինի Ռուսաստանի անվտանգության և հարևանների հետ հարաբերությունների համար, և սա այն չէ, ինչ տեղի ունեցավ 2008-ին ռուս-վրացական 5-օրյա պատերազմի ընթացքում:
«Ղարաբաղյան պատերազմը երկարատև կլինի: Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության ապահովման պարտականությունը, և նա չի կարողանա այն ամբողջությամբ արհամարհել: Մյուս կողմից` Թուրքիան նման պարտավորվածություն ունի Ադրբեջանի հանդեպ: Այս ընթացքում, երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են ստանում, տարածաշրջանում ծագած պատերազմը կբաժանի նրանց և ծայրահեղ բացասական ազդեցություն կգործի երկու կողմերի վրա էլ:
Ստեղծված իրավիճակում պատերազմի բռնկման հեռանկարները բավական իրատեսական են թվում: Սպառազինության հարցում այս մրցավազքը, շփման գծում ստեղծված լարվածությունը, ռազմական հռետորությունը և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունն այս մասին են վկայում: Ադրբեջանի ռազմական ծախսերը ոչ միայն գերազանցել են Հայաստանի բյուջեն, այլ անգամ կրկնապատկվել են վերջին տարվա ընթացքում»,- նշել է նա:
Լուսանկարը` azatutyun.am