Home / Հայաստան / Վրաստանում օրենքի ընդունումն ընկալվեց որպես խնդրի լուծում` ի օգուտ Հայկական եկեղեցու. Աբաշիձե

Վրաստանում օրենքի ընդունումն ընկալվեց որպես խնդրի լուծում` ի օգուտ Հայկական եկեղեցու. Աբաշիձե

Վրաստանի իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ Վրաց ուղղափառ եկեղեցու հետ կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հարցում, որը լրջորեն սպառնում էր ապակայունացնել երկիրը: Իշխանությունները խոստացել են եկեղեցուն, որ իրենց սեփականության իրավունքները չեն խախտվի, որից հետո Սուրբ Սինոդը կոչ է արել վրացի հավատացյալներին հանդարտվել, գրում է «Կոմերսանտը»:

Վրաստանում իշխանությունների և եկեղեցու միջև կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ խորհրդարանն առանց պատրիարքության հետ խորհրդակցելու հաստատել էր Քաղաքացիական օրենսգրքում կրոնական միավորումներին վերաբերող օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը:

«Օրենքում եկեղեցու իրավունքները ոտնահարող որևէ կետ չկա: Մարդիկ սկսեցին մտածել, որ նախագահը վիրավորել է Պատրիարքին»,- պարզաբանել է կոնֆլիկտաբան Գեորգի Աբաշիձեն:

Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիդ Բերձենիշվիլին էլ նշել է. «Մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհակալություն հայտնեց նախագահ Սահակաշվիլիին: Վրաստանի և Հայաստանի միջև մրցակցությունը առկա է գիտակցության մակարդակի վրա, և առանց քննարկումների և պարզաբանումների օրենքի ընդունումը հղի էր զանգվածահին ցույցերով և անգամ հակահայկական ակցիաներով»:

«Եթե մենք փոփոխությունները հանրային քննարկման դնեինք, օրենքը երբեք չէր ընդունվի,- «Կոմերսանտի» հետ զրույցում նկատել է վրացական խորհրդարանի պատգամավորներից մեկը: -Վրաց ուղղափառ եկեղեցին մեծ հեղինակություն  է վայելում, պատրիարքին վստահում է բնակչության 99%-ը»: Այս խոսքերը թերևս անհիմն չեն, քանի որ նախորդ շաբաթ օրվանից Թբիլիսիի կենտրոնում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել` ի պաշտպանություն Իլիա Երկրորդի դիրքորոշման:

«Փոփոխությունների մասին բանավեճերի ընթացքում ստվերում մնաց այն, որ առանցքային կարևորություն ունի, հնարավոր է, ոչ թե եկեղեցիների կարգավիճակը, այլ սեփականության խնդիրը»,- նշել է Աբաշիձեն:

Նրա խոսքով` օրենքի ընդունումից հետո կասկածներ առաջացան առ այն, որ խոսքը գնում է վիճելի եկեղեցական սեփականությունը հայկական կողմին փոխանցելու մասին: «Նրանք պահանջներ ունեն Վրաստանում գտնվող մի քանի հայկական եկեղեցիների հանդեպ: Իսկ վրացական եկեղեցին ցանկանում է վերադարձնել Հայաստանում գտնվող մի քանի եկեղեցիներ, որոնք վրացական են համարվում, թեև այնտեղ վաղուց հայ քահանաներն են ծիսակատարություններ իրականացնում: Վրաստանում օրենքի ընդունումը ընկալվեց որպես սեփականության վերաբերյալ վիճահարույց խնդրի լուծում` ի օգուտ հայկական եկեղեցու»,- եզրակացրել է Աբաշիձեն:

Եկեղեցին չցանկացավ սրել հարաբերություններն իշխանությունների հետ: «Պատրիարքը հեղափոխությունների սիրահար չէ, նա փոխզիջումների կողմնակից է, թեև բազմիցս կարող էր հակառակվել իշխանություններ»,- եզրափակել է Գեորգի Աբաշիձեն: