Ռեժիսոր Ադրինե Գրիգորյանի ու պրոդյուսեր Վահե Օհանյանի «Վերադարձ Գյուրուն» նախագիծը «Հայ-թուրքական կինոպլատֆորմ 2011»-ի հաղթող է ճանաչվել:
Ստամբուլի «Անադոլու կուլտուր» հասարակական կազմակերպության և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջև ստեղծված համագործակցությունը` Հայ-Թուրքական կինոպլատֆորմը (ՀԹԿՓ), փաստագրական ֆիլմերի նախագծերի դիմումներ է ընդունում յուրաքանչյուր տարի: Այս տարի ՀԹԿՓ-ն 9 մասնակից էր ընտրել, որոնք մասնակցեցին հուլիսի 11-13-ը կայացած եռօրյա աշխատանքային հանդիպումներին`Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպումների արդյունքում մասնակիցներն իրենց գաղափարները ներկայացրեցին ժյուրիի անդամներին: 9 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Ադրինե Գրիգորյանի նախագիծը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է ինքը` Գրիգորյանը, ՀԹԿՓ-ն Թուրքիայի և Հայաստանի ֆիլմարտադրության ներկայացուցիչների միջև կամուրջ ստեղծելու միտում ունի` «ոչ միայն մյուսների կողմից չլսված պատմություններ պատմելով, այլ կենսափորձի և ընդհանուր պատմությունների շնորհիվ միմյանց մասին տեղեկանալով»:
Հարցին` որտեղից ծնվեց «Վերադարձ Գյուրուն»-ի գաղափարը, Գրիգորյանը պատմել է Ֆիլմի գաղափարի հեղինակ և սցենարիստ X-ի հետ (Ադրինե Գրիգորյանի խնդրանքով սցենարիստի անունը չենք հրապարակում) հետ ունեցած իր պատահական հանդիպման մասին: «Սա պատմություն է թշնամիներ համարվող երկու մարդկանց մասին, որոնք բացահայտում են միմյանց` Անատոլիայում գտնվող իրենց նախնիների քաղաք Գյուրունը բացահայտելով»: Գաղափարը ծնվել է Ստամբուլում` Ինանչի հետ հանդիպումից հետո: Նրանց ոգևորել է այն փաստը, որ երկուսի նախնիներն էլ միևնույն Գյուրուն քաղաքից են եղել, թեև ոչ Ադրինեն, ոչ X-ը երբեք այնտեղ չեն եղել: Զույգը որոշել է ճանապարհորդություն կատարել դեպի Գյուրուն`«վերագգտնելու այն անցյալը, որի մասը թեև չեն եղել, բայց որին այնքան ամուր են կապված»:
Գրիգորյանը ուրախ է, որ այժմ ֆիլմի մտահղացումը կյանքի կկոչվի ՀԹԿՓ-ի շնորհիվ. «Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ոչ միայն ֆիլմի նկարահանումն իրականացնելու, այլ նաև փորձառու մասնագետների, բարձր որակավորում ունեցող միջազգային ռեժիսորների խորհրդատվությունը, աջակցությունը ստանալու համար, որոնք ողջ գործընթացի ընթացքում քեզ սատարում են»:
Մեր այն հարցին, թե որն է լինելու հաջորդ քայլը, ռեժիսորը պատասխանել է, որ արդեն աշնանը մեկնարկելու են ֆիլմի նկարահանման աշխատանքները, իսկ վերջնական տարբերակը պատրաստ կլինի գարնանը: ՀԹՓԿ-ն մտադիր է պատրաստել ֆիլմը մինչ հաջորդ տարվա Ստամբուլի միջազգային կինոփառատոնն ու Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Գրիգորյանը հույս ունի ավելի մեծ ֆինանսավորում ստանալ ֆիլմի նկարահանման համար:
Նրա խոսքով` ֆիլմի առաջնային նպատակը Գյուրունում կողք կողքի խաղաղ ապրող հայերի և թուրքերի չլսված ձայները լսելի դարձնելն է:
«Սա պատմություն է հայ և թուրք ընտանիքների մասին, որոնց վրա ազդեցություն է թողել Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր մարդկային պատմություն ողջ աշխարհի մարդկանց սովորացնելու հատկություն ունի»,- նշել է ռեժիսորը: