Home / Հայաստան / «Օգնեք տրաֆարետներ սարքել». մետրոյի թանկացման դեմ պայքարը շարունակվում է

«Օգնեք տրաֆարետներ սարքել». մետրոյի թանկացման դեմ պայքարը շարունակվում է

Հուլիսի 18-ին` ժամը 11.00-ին, «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է իրականացնելու Սունդուկյան թատրոնի հարակից Անգլիական այգում:

Ակցիայի կազմակերպիչները մարդկանց կոչ են անում միանալ և շապիկների վրա մետրոյի հետ կապված տարբեր տեքստեր գրել, ինչպես, օրինակ, «Մենք Դեմ ենք մետրոյի թանկացմանը», «Հետ տվեք մեր մանրը», «Հին մետրո` հին գին» և այլն:

«Եթե կան դիզայներներ, նկարիչներ, օգնեք տրաֆարետներ սարքելու գործում»,- նշում են կազմակերպիչները:

Ըստ նրանց` գրություններով շապիկները ակցիայի մասնակիցները կրելու են հուլիսի 22-ին, երբ կկազմակերպվի երթ-ակցիա դեպի քաղաքապետարան, կառավարության շենք և մետրոյի կայարաններ, երբ իրենք  կհանձնեն իրենց երկրորդ նամակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Երևանի մետրոյի ուղեվարձը 50 դրամից դարձել է 100 դրամ:

Նույն օրը Երևանի քաղաքապետարանի շենքի առջև մոտ երկու տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ և նամակ էին հանձնել քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝  պահանջելով վերանայել որոշումը:

Երևանի մետրոպոլիտենից տարեկան օգտվում է 20 մլն. ուղևոր, ինչը կազմում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորների 5-6%-ը:  2010թ. ՀՀ պետբյուջեից երևանյան մետրոպոլիտենին հատկացրած դոտացիան կազմել է 1 մլրդ 845 մլն դրամ: