Home / Հայաստան / Ընտրություններին ընդառաջ «ԳԱԼԱ»-ին զրկում են եթերից

Ընտրություններին ընդառաջ «ԳԱԼԱ»-ին զրկում են եթերից

Գյումրու քաղաքապետարանի` Շիրակի մարզում հեռարձակվող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ շուրջ 3,5 տարի առաջ նախաձեռնած  դատական գործընթացը մոտենում է ավարտին:

Ինչպես ասված է հեռուստաընկերության մամուլի հաղորդագրության մեջ, ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ»-ի փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 26.04.2011թ.-ի որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից:

«Հատկանշական է, որ մոտ 4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, և «ԳԱԼԱ » հեռուստաընկերությունը՝  ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները, փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով», – նշված է «Գալա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Գալա TV»-ն Հայաստանում միակ հեռուստաընկերությունն էր, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքները և գործունեությունը:

2008 թվականին իշխանությունների կողմից փորձ արվեց փակել «Գալա TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ երևույթ գրանցվեց. մարդիկ սկսեցին հեռուստամարաթոն-դրամահավաք՝  ի պաշտպանություն «Գալա» հեռուստաընկերության: Դրամահավաքի ընթացքում «Գալայի» հաշվին փոխանցվեց 26 միլիոն 458 հազար 500 դրամ, իսկ տուգանքի մնացած 441 հազար դրամը հեռուստաընկերությունը փոխանցեց իր հաշվից:

Հիշեցնենք, որ Գալա TV-ի լիցենզիան գործում է մինչև 2015 թվականը:

Tekali Taxi