Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշել է աջակցություն ցուցաբերել վերջերս ֆինանսական խնդիրների առջև հայտնված Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակվող օրաթերթերին և շաբաթաթերթերին, հայտնում է Today’s Zaman-ը:
Այս պարբերականների թվում են հունական «Apoyevmatini» և «İho», ինչպես նաև հայկական «Նոր Մարմարա» և «Ժամանակ» օարթերթերը, հայ-թուրքական «Ակօս» և հրեական «Şalom» շաբաթաթերթերը:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի զարգացման գործակալության ղեկավար Մեհմեթ Աթալայը նախատեսում է հանդիպել 6 պարբերականների պաշտոնական ներկայացուցիչների հետ հուլիսի 26-ին `քննարկելու համար առկա խնդիրները:
Այս մասին Աթալայը հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ և հավելել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստակամ է օգնել ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակվող պարբերականներին լուծելու խնդիրները, մասնավորապես, ֆինանսական:
«Մենք ջանքեր ենք գործադրել, որպեսզի փոքրամասնությունների պարբերականները պետական աջակցություն ստանան: Մենք կամ գոյություն ունեցող կանոնները կփոփոխենք կամ նորերը կընդունենք»,-ասել է նա: