Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության` երկրի պետական արտաքին պարտքի և պետական երաշխավորման տակ վերցված վարկերի ծավալները 2011թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 4 մլրդ 182 մլն 276 հազար դոլար: 2011 թվականին Վրաստանի պետական պարտքն աճել է 254,4 մլն դոլարով:
Ինչպես «Newsgeorgia»-ին հայտնել են Ֆինանսների նախարարությունում, Վրաստանը երկկողմանի պարտատեր 17 երկրներ ունի, որոնց նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 610 մլն 568 հազար դոլար:
Պարտատեր երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Ավստրիան, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Քուվեյթը, Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:
Բացի երկրներից, Վրաստանի պարտատեր են համարվում միջազգային ինստիտուտները, որոնց նկատմամբ երկրի պարտքը կազմում է մոտ 3 մլրդ 003 մլն 568 հազար դոլար: Մասնավորապես, այդ ինստիտուտների թվում են Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Եվրամիությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Զարգացման ասիական բանկը, Եվրոպայի ներդրումային բանկը: