Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի տների նախկին բնակիչների` Եվրոպական դատարանում գտնվող 30 հայցերից 4 հետ են ուղարկել և նշել են, որ նշված դեպքերում Եվրակոնվենցիայի դրույթները չեն խախտվել, այդ իսկ պատճառով հիմքեր չկան լսելու այդ հայցերը:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը:
Նշենք, որ վերոնշյալ բնակիչները հայցում նշել են, որ իրենց ոչ համարժեք փոխհատուցում է տրվել:
Հակոբյանի խոսքով` իր կազմակերպության ներկայացուցիչները երեկ ցանկացել են իրենց խնդիրը ներկայացնել նաև ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին, սակայն իրենց չեն ընդունել:
«Մենք հիմա արդեն պահանջում ենք սրանց [իշխանությունների] հրաժարականը: Սրանք ամեն ինչ առնում են: Մեր իշխանությունները կարողացան առնեն և ԵԴ-ի դատավորներին: Մեր երկրում 8 տարի է պայքարում ենք տարբեր խնդրների համար, ոչ մի բանի չհասանք, իսկ հիմա պահանջում ենք մենակ այս գողերի, թալանչիների հրաժարականը: Որքան նրանք շուտ գնան, մեր երկիրն այդքան արագ կարգի կգա», – ասել է Վաչագան Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` իշխանությունների հրաժարականի պահանջը իրենք ներկայացնելու են յուրաքանչյուր հինգշաբթի` կառավարության շենքի մոտ` գործադիրի նիստի ժամանակ: