Լոնդոնի դատարանի կայացրած որոշումը հերթական հարվածն էր բրիտանական ոստիկանությանը: Դատարանը պարտավորեցրել է իրավապահներին անգլիացի հայտնի դերասան Հյու Գրանտին տրամադրել իր հեռախոսազրույցների գաղտնալսումների վերաբերյալ բոլոր նյութերը: Արդեն իսկ լուծարված News of the World պարբերականի աշխատակիցներին ժամանակին հաջողվել էր կարդալ դեարասանի և նրա ընկերուհու միջև sms նամակագրությունը:
Հյու Գրանտը News of the World-ի դեմ դատական գործ սկսելու նախաձեռնողներից մեկն էր: Չորեքշաբթի բրիտանական խորհրդարանում սույն գործի վերաբերյալ լսումներ տեղի ունեցան, որի ընթացքում ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Խորհրդարանականների հարցերին պատասխանում էին մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոքն ու նրա որդի Ջեյմսը:
Բրիտանական խորհրդարանում տեղի ունեցող լսումներին միլիոնավոր հեռուստադիտողներ են հետևում` նոր փաստերի բացահայտման և այս պատմության նոր շրջադարձի ակնկալիքով: Շուրջ 168 տարվա պատմություն ունեցող News of the World պարբերականը դադարեցրել է իր գործունեությունը հուլիսի 10-ին: