Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել թուրքական իշխանություններին շարունակել հետազոտել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունեցող պաշտոնյաների գործողությունները, որոնք, նախապես տեղեկանալով Դինքի կյանքի հանդեպ կազմակերվող մահափորձի մասին, համապատասխան գործողություններ չէին իրականացրել այն կանխելու համար:
Amnesty International-ը Դինքի սպանության գործի մասին հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ 2007 թվականին լրագրողին գնդակահարած Օգյուն Սամաստը հուլիսի 25-ին 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի անչափահասների դատարան կողմից: Սամաստին ցմահ ազատազրկում էր սպառնում, սակայն, հիմնվելով այն փաստի վրա, որ սպանության իրականացման պահին նա անչափահաս էր, դատարանը սահմանափակվել է նման պատժաժամկետով:
«Թեև Օգյուն Սամաստի դատապարտումը ողջունելի լուր էր, այդուհանդերձ նա ընդամենը Հրանտ Դինքի սպանության համար պատասխանատու անձանցից մեկն է: Իշանությունները պետք է հետաքննեն լրագրողի մահվան հետ առնչություն ունեցող բոլոր հանգամանքները և բոլոր պատասխանատուներին դատարանի առջև կանգնեցնեն անկախ նրանց, թե ինչ հասարական դիրք և իշխանություն ունեն տվյալ մարդիկ»,- ասել է կազմակերպության թուրքական ներկայացուցչության փորձագետ Էնդրյու Գարդները: