Home / Հայաստան / Արտահերթ ընտրությունների դեպքում կրկին կհաղթի ՀՀԿ-ն, համոզված է պատգամավորը

Արտահերթ ընտրությունների դեպքում կրկին կհաղթի ՀՀԿ-ն, համոզված է պատգամավորը

Այսօրվա երկխոսությունը Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանությունների միջև երկխոսություն չի, պարզապես ՀԱԿ-ում պայմանավորվել են ավելի ուռճացնել իրենց գործունեությունը: Այսօր, փաստորեն, քաղաքական երկու միավորումների, քաղաքական ուժերի երկխոսություն է. մի կողմից` կոալիցիոն քաղաքական ուժերը, մյուս կողմից՝  ՀԱԿ քաղաքական ուժը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` ՀԱԿ-ը փորձում իմիտացիա ստեղծել, թե երկրում կա երկիշխանություն, այնպիսի առճակատման վիճակ է, կապիտուլիացիա է, որ իշխանությունները խոսում են ՀԱԿ-ի հետ:

«Այսօր, երևի թե, կարելի է թույլ տալ, որ ՀԱԿ-ն իր միտինգներում ավելի շատ գլուխ գովա, թե իբրև` «եկանք, տեսանք, հաղթեցինք»: Այս երկխոսության հետևանքն իրենք ընկալում են հետևյալ կերպ. սա հնարավորություն է տալիս իրենց միտինգներում զբաղվել մեծախոսությամբ, նորից հայհոյանքներ` Սարգսյանի, իշխանությունների հասցեին: Մենք պիտի հանդուրժենք այս պրոցեսները, որ ժողովուրդը ՀԱԿ-ին իր համար ընկալելի դարձնի»,- ասել է Սահակյանը:

Նա նշել է, որ բանակցություններին իրենք շատ պարզ ասել են, որ եթե Կոնգրեսն օրակարգում արտահերթ ընտրությունների հարցն է դրել` կքննարկեն, սակայն ի սկզբանե նշելով, որ դա անիմաստ քննարկում է:

«Քանի որ մոդել է ստեղծվել, որ ցանկացած հարց պետք է քննարկվի, կքննարկենք նաև դա», – հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը:

Epress.am-ի այն հարցին, թե ինքը` Սահակյանը, երկխոսության արդյունքում հնարավոր համարո՞ւմ է արտահերթ ընտրությունների անցկացումը, վերջինս ասել է, որ դա պարզապես Կոնգրեսի ներկայացուցիչների երազանքն է:

«Էն «Ալպիական մանուշակը» տեսե՞լ եք, էն որ երանության մեջ ավելի լավ բաների մասին է երազում: Դե հիմա ամեն մեկը մի երազ է տեսնում, իսկ ես երազահան չեմ: Ես հավանական չեմ համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ոչ»,- հայտարարել է ՀՀԿ-ականը:

ՀՀԿ-ականը, այնուամենայնիվ, նշել է, որ արտահերթ ընտրությունները ամենաշատը «ձեռ են տալիս» իրենց, քանի որ «Հանրապետական»-ը ունի վարչական, ֆինանսական և մարդկային ամենամեծ ռեսուրսները:

Ըստ Սահակյանի, եթե ամեն դեպքում արտահերթ ընտրությունների մասին որոշում կայացվի, քաղաքական դաշտում կմնան նորից հանրապետականները: ՀԱԿ-ը միտինգներ կանի, նորից կգա երկխոսության պահը և «էսպես շարունակ»:

«Արտահերթը ժողովրդին ձեռ չի տալիս, որովհետև «Հանրապետական»-ը նորից կլինի իշխանության մեջ, նորից ՀԱԿ-ը միտինգներ կանի, նորից երկխոսության պլաններ կլինի: Բայց ժողովրդին ձեռ կտա, որ հանրապետականը լինի, որովհետև ժողովուրդն է ընտրելու»,- ասել է Սահակյանը:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու իշխանությունները չեն արագացնում արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, Սահակյանն ասել է, որ դա «պետությանը ձեռ չի տալիս»: