Երևանի Փափազյան փողոցի կրպակատերերն այսօր «Փակ շուկայի» մոտից երթով շարժվել են դեպի կառավարության շենք, որտեղ ամեն հինգաշբթի առավոտից հավաքվում են տարբեր հարցերի շուրջ բողոքող քաղաքացիներ:
Կրպակատերերից ոմանք, ինչպես նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, իրենց բողոքն արտահայտում էին` գետնին նստած: Մի քանի այլ առևտրականներ էլ պահել էին մի պաստառ, որի վրա գրված էր «Վարչապետ և քաղաքապետ. ապամոնտաժումը սկսեք ձեզանից և ձեր շրջապատի օբյեկտներից»:
Կառավարության նիստի ավարտից հետո շենքից դուրս եկող ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանին, Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հավաքվածները դիմավորում էին «ամոթ, ամոթ» վանկարկելով:
Այնուհետև բոլորը միասին սկսեցին վանկարկել «Կարեն, հեռացիր»` ուղղված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Դրանից հետո կառավարության շենքից դուրս է եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մասնակցել էր նիստին: Նա բողոքավորներին պատմել է, որ կառավարության նիստի ընթացքում քննարկվել է կրպակների հարցը:
Անահիտ Բախշյանի և քաղաքացիների զրույցի ընթացքում կառավարության շենքից ԱԺ պատգամավորին փոխանցել են, որ վարչապետն իրեն է սպասում:
Վարչապետի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում փոխանցել է Տիգրան Սարգսյանի խոսքերը, համաձայն որոնց վարչապետի հրամանով այս պահին կրպակների ապամոնտաժումը դադարեցվել է:
Բախշյանը նշել է, որ նրա խոսքերի հավաստիությունը ստուգելու համար ինքն ուղևորվում է դեպի Փափազյան փողոց:
Քիչ առաջ Epress.am-ի հետ զրույցում Փափազյան փողոցի կրպակատերերից մեկը` տիկին Աննան, տեղեկացրել է, որ վարչապետի հրամանին հակառակ` իրենց մոտ շարունակվում է կրպակների ապամոնտաժումը: