Երեկ Էստոնիայի պաշպանության նախարարության շենքի վրա հարձակում գործած Էստոնիայի քաղաքացի, հայազգի Կարեն Դրամբյանին ոգեշնչել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը:
«Տեղի ունեցածն ապշեցնում է: Երևում է, որ ինչ-որ մեկին ոգեշնչել է այն, ինչ տեղի է ունեցել Նորվեգիայում», – ասել է Անսիպը:
Էստոնիայում այսօր մանրամասներ են հրապարակում երեկ տեղի ունեցածի մասին:
57-ամյա Կարեն Դրամբյանը, մտնելով Էստոնիայի պաշտպանության նախարարության շենք, անկանոն կրակ է բացել երկու ատրճանակից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, մոտ տասը մարդ հասցրել են դուրս ցատկել պատուհաններից:
Ահաբեկիչը մի քանի ժամ գտնվել է պահակակետի աշխատակիցների հետ նույն սենյակում: Նախնական տվյալների համաձայն, նա վերջիններիս պատանդ է վերցրել:
Էստոնական ԶԼՄ-ները նշում են, որ ոչ մի քաղաքական պահանջ Դրամբյանը չի ներկայացրել: Երեկ երեկոյան լրատվամիջոցները գրել էին, որ Դրամբյանը ինքնասպան է եղել, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է և նշվել է, որ նրան գնդակահարել են Էստոնիայի հատուկ ջոկատայինները:
Կարեն Դրամբյանը Էստոնիայի Միքացյալ ձախ կուսակցության անդամ էր, նա մի քանի անգամ փորձել է դառնալ քաղաքային խորհուրդներից մեկի պատգամավոր, սակայն անհաջողության է մատնվել: Նրա կուսակիցները հայտնում են, որ Դրմաբյանը կարող էր այդ քայլի գնալ` ի նշան բողոքի Էստոնիայում այլազգիների, այդ թվում` ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումների դեմ:
Մասնագիտությամբ իրավաբան Դրամբյանը վերջերս զրկվել էր աշխատանքից, քանի որ չուներ էստոներեն լեզվին տիրապետելու մասին տեղեկանք: Նա հիվանդ է եղել, ինչպես նաև վերջին շրջանում ընտանեկան ողբերգություն է ապրել:
ԶԼՄ-ները ենթադրում են, որ Դրամբյանը հարձակման համար ընտրել է պաշտպանության նախարարությունը, քանի որ այդ գերատեսչության ղեկավարը` Մարտ Լաարը, հայտնի ազգայնամոլ է և ոչ էստոնացիների դեմ կոշտ քաղաքականություն վարելու կողմնակից: