Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն իրեն ծուղակն է գցել:
«Ինքն իրեն ծուղակն է գցել. սա արդեն ակնհայտ է և ուրիշ երևույթներից էլ էր երևում, որ այս ծուղակն արդեն պատրաստ է: Մյուս կողմից, իհարկե, իշխանությունն էլ ծուղակի մեջ է», – նշեց Հովհաննիսյանը:
Մինչ հանդիպումը ՀԱԿ-ը հայտարարել էր, թե երկխոսությունը շարունակելու հարցը կախված է անցած շաբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստների կարգավիճակից: Մինչդեռ, այս հայտարարությունից հետո հանդիպելով իշխանության ներկայացուցիչների հետ` ՀԱԿ-ը երկխոսության շարունակության մասին որոշում չկայացրեց: Փոխարենը կողմերը քննարկեցին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը` պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել քննարկումն առաջիկա ուրբաթ: Կողմերը նաև պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն տալուց` որոշելով շարունակել հանդիպումները:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով` ամեն ինչ արդեն պարզ է` «կողմերը որևէ հարց լուծելու ցանկություն չունեն, բացի առաջիկա ընտրություններում միմյանց մեջ աթոռներ կիսելը»:
«Ամեն ինչի հետ պատրաստ են իրենք համակերպվել` և՛ իրենց կողմնակիցներին «խոշտանգելու» (չակերտների մեջ եմ ասում, որովհետեւ չգիտեմ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ), և՛ նաև «ոչ լեգիտիմ» պատգամավորների հետ բանակցելու», – նշեց Հովհաննիսյանը: – «Ահա այս պատկերի մեջ երբ նրանք գտնվում են, զարմանալ, որ նրանք մի գիշերվա ընթացքում կարող են դիամետրալ կերպով փոխել իրենց տեսակետը, արդեն պետք չէ»: