Իրաքի նախկին վարչապետ և արտգործնախարար Թարիկ Ազիզը իր մահապատժի ժամկետը հնարավորին չափ մոտեցնելու խնդրանքով դիմել է երկրի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիկին: Այս մասին հինգշաբթի հաղորդել է«Ռադիո Սավան»-ն` հղում կատարելով նախկին քաղաքական գործչի փաստաբանի հայտարարությանը:
Հենց նրա միջոցով էլ Ազիզը փոխանցել է ալ-Մալիկին հասցեագրված նամակը, որում նա «խնդրում է բավարարել իր վերջին ցանկությունը`մոտեցնել կախաղանի օրը»:
Փաստաբանի խոսքով` այս ցանկությունը պայմանավորված է իր պաշտպանյալի առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ: Ազիզը թոքերի բորբոքում, շաքարախտ և հիպերտոնիա ունի: 2010 թվականի հունիսին Ազիզը տարածվող ինսուլտ է տարել, որի հետևանքով ժամանակավորապես կորցրել է խոսելու ունակությունը:
74-ամյա Թարիկ Ազիզը տարիներ շարունակ Իրաքի կենտրոնական գործիչներից էր և Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի շրջապատի միակ քրիստոնյան: 2003 թվականին Ազիզը կամովի հանձնվել էր Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին: 2010 թվականի հոկտեմբերին դատարանը Ազիզին մահվան էր դատապարտել կախաղանի միջոցով: