17:42 Սարգիս Գևորգյանի փաստաբանը ստացել է դատարանի գրավոր որոշումը: Այժմ իրենք ուղևրվում են «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի մինչև աշխատանքային օրվա ավարտը ՀԱԿ ակտիվիստին ազատ արձակեն:
17:17 Րոպեներ առաջ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում ավարտվեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գևորգյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի ավարտից անմիջապես հետո Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել ակտիվիստի երկամսյա կալանքի խափանման միջոցը փոխելու հայցով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Սարգիս Գևրգյանին ազատ կարձակեն:
Փաստաբանի խոսքով` ինքն այժմ սպասում է դատարանի գրավոր որոշմանը և ակնկալում, որ այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը կհասցնի այն ներկայացնել «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի Սարգիս Գևորգյասնն ազատ արձակվի հենց այսօր:
Դատարանի առջև հավաքվել են Հայ Ազգային Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում են Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վլադիմիր Կարապետյանը, երիտասարդ ակտիվիստներ, ինչպես նաև ձերբակալվածների հարազատները: Նրանք վանկարկում են «Ազատություն, ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ»:
Նրանց ձեռքին են պաստառներ հետևյալ գրություններով` «Գյադաների ժամանակը», «Անկախության սերունդը` պատանդ», «7-ի գործ. մաս 2»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառվել: