Լոնդոնի Վուլվիչ թագավորական դատարանն այսօր 4 ռուսաստանցի ուսանողներին մեղավոր է ճանաչել 18-ամյա համակուրսեցու խմբակային բռնաբարության մեջ:
4 երիտասարդներն էլ երկարաժամկետ կալանքի են դատապարտվել: Ազգությամբ հայ Նորայր Դավթյանը (լուսանկարում), ով դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ տուժած ուսանողուհին մարմնավաճառ է եղել, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է The Daily Mail-ը: Գրիգորի Մելնիկովը 9 տարի կանցկացնի բանտում, իսկ Արմեն Սիմոնյանն ու Օլեգ Իվանովը` 8:
Դատավորի խոսքով` բռնաբարողները տուժածի նկատմամբ իրականացվող գործողությունների ժամանակ ուրախանում էին այնպես, ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները` խփած գոլի ժամանակ: Մալայզիայից ժամանած 18-ամյա ուսանողուհու` երկուսուկես ժամ տևած բռնաբարությունը տղաները նկարահանել են iPhone-ով և խոստացել ցուցադրել այն իրենց ընկերներին: Ինչպես վկայում են գործի նյութերը, հարձակումը կանխամտածված է եղել, քանի որ հանցագործները բռնաբարությունից մեկ օր առաջ տեսանյութ են նկարահանել իրենց առաջիկա մտադրությունների մասին:
Երիտասարդները սովորում էին Bellerbys College-ում, որի տարեկան վարձավճարը կազմում է 30 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ համաձայն հետաքննության վարկածի, հունվարի 21-ին տղաների խումբը երեկույթի ժամանակ խմեցրել էին աղջկան: Երբ նա կորցրել է ինքնատիրապետումը, նրա նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել: Երիտասարդներից և ոչ ոք չի ընդունել մեղքը` հայտարարելով, որ զոհը ինքն է համաձայնել սեռական հարաբերություններ ունենալ իրենց հետ:
Արմեն Սիմոնյան