Թուրքիայի կառավարությունը վերադարձնելու է քրիստոնյա և հրեական փոքրամասնություններից վերջին 75 տարիների ընթացքում բռնագրավված ունեցվածքը, հայտնում է Associated Press-ը:
Նման որոշման համար հիմք են հանդիսացել կրոնական փոքրամասնությունների` Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցը: Նշենք, որ անցյալ տարի դատարանը պարտավորեցրել էր Թուրքիային Հունական ուղղափառ եկեղեցուն վերադարձնել իրեն պատկանող որբանոցը:
Համաձայն Թուրքիայի կառավարության շաբաթ օրը հրապարակած հրամանագրի` հայկական, հունական և հրեական համայնքներին պատկանող անշարժ գույքը (այդ թվում` դպրոցներ, գերեզմանոցներ, հիվանդանոցներ) 12 ամիսների ընթացքում պետք է վերադարձվի հիմնադրամներին, իսկ երրորդ անձի ձեռքն անցած գույքի համար պետությունը պարտավորվել է փոխհատուցում վճարել:
«Թուրքիան մեծ ճնշման էր ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որն արդեն որոշում կայացրել էր երկրի դեմ», – ասել է փոքրամասնությունների հարցերով զբաղվող մարդու իրավունքների պաշտպան Օրհան Քեմալ Չենգիզը:
Նրա խոսքով` սա կարևոր առաջընթաց է:
«Ունեցվածքի վերադարձից և փոխհատուցման վճարումից հետո փոքրամասնությունները տնտեսական առումով կուժեղանան, և նրանց ապրուստը կհեշտանա», – ասել է Չենգիզը: