Ռուսթավելիի անվան թբիլիսյան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան կարծում է, որ իրեն աշխատանքից ազատել են իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատական արտահայտությունների համար, իսկ ռասիզմի մեջ մեղադրանքներն ընդամենը պատրվակ էին:
«Ինչ վերաբերում է իմ այն հայտարարությանը, որ ես չեմ ցանկանում, որ իմ նախագահը հայ լինի, ապա ես չեմ կարծում, որ դա վիրավորական է: Եթե հայերից կամ ռուսներից մեկն ասի, որ երազում է, որ իր նախագահը վրացի լինի, ես ներողություն կխնդրեմ», – Ստուրուայի խոսքերն է փոխանցում «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ես շատ հայ ընկերներ ունեմ, և անգամ մորաքույրս է հայ», – ասել է ռեժիսորը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր արտահայտություններում ռասիզմի հետք էլ չկա, այնպես որ, ինքը մտադիր չէ ներողություն խնդրել:
Ավելի վաղ Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է: