Անչափահասների նկատամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով այսօր հարցաքննվեց տուժողներից մեկը։
Ամերիկահայ գործարարի դեմ դատական գործընթացը դեռևս ապացույցների հետազոտման ու տուժողների հարցաքննության փուլում է։
Տասը տուժողից արդեն հարցաքննել են 7-ին։ Դռնփակ դատական նիստի ժամանակ դատաքննության կողմերը դիտում են որպես ապացույց ներկայացված տեսանյութերը, այնուհետեւ հարցաքննում ժապավեններում եղած տուժողներին։
«Այսօրվա տուժողը, ըստ էության, համարյա բան չհայտնեց։ Չէ՞ր կարողանում հայտներ, թե՞ կաշկանդվում էր․․․», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց ՀՀ Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Արամ Ամիրզադյանը՝ հավելելով։ – «Դա այն տուժողն էր, որը երեկ իջավ այն մեքենայից, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին»։
Այսօր հարցաքննված տուժողը 20 տարեկան է, սակայն հանցագործության կատարման ժամանակ նա 16-17 տարեկան տղա է եղել։ Տուժողը չի հերքել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը իրեն ժամանակ առ ժամանակ գումարներ է տվել։ Նրա մոտ Արամ Ամիրզադյանը կաշկանդվածություն է նկատել․ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում և դատարանի դահլիճում տուժողը իրար հակասող տեղեկատվություն է տվել։ Նա կտրուկ հրաժարվել է, որ սեռական հարաբերություն է ունեցել մեղադրյալի հետ, թեև տեսանյութում տուժողի դեմքը երևացել է։ Սակայն Սերոբ Տեր-Պողոսյանն ինքն է ասել, որ իր, տուժողի և մեկ այլ տուժողի միջև սեռական հարաբերություն եղել է։
Արամ Ամիրզադյանը նշեց, որ նախաքննության ու նաև դատաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տուժողներին «միլիոններ» է տվել։