2011թ. օգոստոսի 29-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ 4 ավազակային հարձակումներ կատարելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել:
Հելսինկյան ասոցիացիայի ունեցած տեղեկություններով, Մարտիրոսյանն ինքն իրեն պատճառել է վնասվածքներ ձեռքի և որովայնի շրջաններում: Նա սկզբում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս: Բժիշկները ամբաստանյալ Մարտիրոսյանի կյանքը փրկել են, ձեռքերին և որովայնին պատճառված վնասվածքների հետևանքով մոտ 150 կար է դրվել և այժմ այդ վիճակով վերջինիս պատրաստվում են տեղափոխել բանտախուց:
Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է:
Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19-ին: Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: