Հայաստանի անկախությունն այսօր նման է բանակում խոշտանգված, ծեծված և նվաստացված պատանու, արյան ցավի մեջ լքված 20-ամյա աղջկա, որը չի կարողանում ծննդաբերել, քանի որ բժիշկը բուրդ է չփխում. ահա սա է Հայաստանի անկախության 20-ամյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով` Հայաստանում միայն 20 տարի անց գիտակցում են, որ պետականության համար ամենասարսափելի վտանգը ոչ թե ադրբեջանական սպառնալիքներն ու թուրքական շրջափակումն են, այլ, առաջին հերթին, տեղական բռնապետները, որոնք «ոչ մի բանով լավը չեն օտար բռնապետներից»:
«Պատերազմից հետո 15-16 տարի անընդհատ փոփոխվող, բայց ոչ մի կերպ չփոխվող, իրականում իրենց իշխանություն հռչակած փոփոխվող կառավարություններն առաջնորդվում են նույն պարզ գաղափարով, որը Հայաստանի իշխանության գործունեության ծրագրերի տեսլակաանի գաղափարախոսութան հիմքն է. դա ընդամենը մի գաղափար է` ժողովրդի թալան: Ուստի Հայաստանի անկախության, այսպես կոչված, անկախացման 20-ամյակը հանդիսանում է ոչ այլ բան, քան զավթված տարածք: Ուստի` իրեն ՀՀ իշխանություն հռչակած կլանները հանդիսանում են զավթիչներ», – ասել է Խզմալյանը:
Նրա խոսքով` զավթիչների հետ ցանկացած համագործակցություն, երկխոսություն, գործարք, բանվեճ, քծնանք ծառայում է ընդամենը մեկ նպատակի` այդ զավթիչների իշխանությունը մեկ օրով, մեկ ամսով, մեկ տարով հետաձգելուն և ամրապնդելուն:
Ըստ Խզմալյանի` ելքը մեկն է` «օր առաջ քաղաքացիական անհնազանդության, հասարակական դիմադրության , բարոյական անհանդուրժողականության ձևով տապալել այս զավթիչների իշխանությունը»: