Wikileaks կայքը հրապարակել է 2008 թվականի մարտի 10-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված գաղտնի փաստաթուղթը, որի հեղինակը` ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը, անդրադառնում է 2008 թվականի հետընտրական իրադարձություններին` վերլուծելով Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Նամակի նախաբանում ամերիկացի դիվանագետը նշում է, որ համաձայն դիտորդների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցի, ՀՀ իշխանությունների պնդումները, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմորեն հաղթել է ընտրությունների առաջին փուլում, հարցականի տակ կարելի է առնել:
«Փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ընտրություններից հետո ուժի կիրառումը և արտակարգ դրությունը, Սերժ Սարգսյանին թողնում են լեգիտիմության ճգնաժամի առջև», – գրում է Փենինգթոնը:
Նա նշում է, որ այդ ամենը միայն Սարգսյանի գործը չէ:
«Նախագահ Քոչարյանը և այլ հակաժողովրդավարական ուժերից յուրաքանչյուրը կարող էր ունենալ իր պատճառները նման ելք ապահովելու համար: Այնուամենայնիվ, Սարգսյանը չկարողացավ լավագույնս դիմակայել դրան», – գրում է Փենինգթոնը:
Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ Սերժ Սարգսյանը հիանալի, արևմտամետ գործընկեր է եղել որպես ՀՀ պաշտպանության նախարար:
«Սարգսյանի հիմնական հակառակորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրեշտակ չէ: Նրա սեփական նախագահական վարչակազմը անկախությունից մինչ 1998 թվականը գնալով ավելի ու ավելի ավտորիտար և կոռումպացված էր դառնում, բացի դա, նա «գողացավ» 1996 թվականի նախագահական ընտրությունները` իշխանությունը պահելու նպատակով: Նա և իր խորհրդականները առանձնազրույցներում հասկացնել էին տվել, որ իրենք ակնկալում էին, որ իշխանությունները «կգողանան» ընտրությունները, և այդ իսկ պատճառով ԼՏՊ-ի ուշադրությունն ավելի շատ սևեռված էր հետընտրական բողոքի ցույցերի վրա` իշխանություններին պաշտոնանկ անելու համար, քան պարզապես քվեատուփի միջոցով հաղթելու վրա:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ին հավաքել է ձայների 21,5 տոկոսը (մոտ 350,000 քվե), իսկ իրական թիվն անկասկած շատ ավելի բարձր է: Մեր կարծիքով, այդ թիվը տատանվում է 30-35 տոկոսի (490,000 – 570,000 ձայն) միջև: Նրան աջակցողների թիվն աճել է վերջին երկու շաբաթների ընթացքում: Շատ հայեր պատմել են մեզ, որ «այս ամենն արդեն ԼՏՊ-ին չի վերաբերում, այլ իշխանությունների պահվածքին»:
Հետընտրական իրադարձությունները ԼՏՊ-ին դարձրեցին գրեթե ամենալեգիտիմ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ավելին, քան բոլորը միասին են: Խաղաղ ցուցարարների նկատմամբ ռեժիմի կողմից կիրառված բռնությունը, մեդիայի միջոցով զրպարտանքը և բռնաճնշումների այլ միջոցները մեծացրեցին հասարակական վրդովմունքը, և այն մարդիկ, ովքեր դեռևս հակակրանք ունեին ԼՏՊ-ի նկատմամբ, դարձան նրա համախոհները: Եթե ընտրությունների երկրորդ փուլը հիմա տեղի ունենար ԼՏՊ-ն ամենայն հավանականությամբ կհաղթեր Սարգսյանին», – նշում է Ջոզեֆ Փենինգթոնը:
Նա գրում է, որ Սերժ Սարգսյանն «իր սրտում» ավելի առաջադեմ է և ժողովրդավար, քան Ռոբերտ Քոչարյանը, և այս առումով հույսի տեղ կա:
«Կարող է պատահել, որ Սարգսյանը հասարակական լեգիտիմության և Արևմուտքի աջակցության կարիք ունի, որպեսզի քաղաքական կամք ձեռք բերի մաքրելու կոռումպացված և բանդիտական տարրերը, որոնք այժմ կառավարության հենասյուներն են: Հնարավոր է, որ Քոչարյանի և այլ ազդեցիկ դեմքերի ցանկությունն էր անել այնպես, որպեսզի Սարգսյանի ընտրությունները պիտակավորվեն և նրա համար անհնար լինի մարգինալիզացնել իրենց հետընտրական քաղաքական գործընթացի ժամանակ», – նշում է Փենինգթոնը:
Ամերիկացի դիվանագետը Հայաստանում իրադարձությունների զարգացման 4 հնարավոր սցենար է ներկայացնում:
1. Մտավախություն կա, որ ամենահավանական սցենարը, որ կարող է զարգանալ միջինից մինչև երկարատև ժամանակահատվածում Սարգսյանի կողմից ռեժիմի պահպանման շարունակությունը կլինի: Չգնահատելով ԼՏՊ-ի նկատմամբ հասարական համակրանքի չափերը` Սարգսյանը կփորձի կոտրել ԼՏՊ-ի կողմից ղեկավարվող ընդդիմությունը ոստիկանության, անվտանգության ծառայությունների և հետապնդումների միջոցով` կալանավորելով ԼՏՊ-ի համախոհների մեջ առանցքային գործիչներին և հավանաբար նաև ԼՏՊ-ին քաղաքական դրդապատճառների հիմքի վրա: Սա ԼՏՊ-ին անգամ կդարձնի ժողովրդավարության հերոս-նահատակը: Եվ Հայաստանը կդառնա շատ ավելի ավտորիտար, քան եղել է խորհրդային ժամանակներից ի վեր:
2. Դեպքերը կարող են զարգանալ նաև այլ ուղղությամբ. ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեթյու Բրայզայի հետ զրույցում կանխատեսել է, հասարակական վրդովմունքը կմարի շատ ավելի արագ և համապարփակ ձևով, քան մենք կարող ենք ենթադրել: Գլխավոր կազմակերպիչներին ժամանակի ընթացքում բանտերում պահելը բավարար կլինի, որպեսզի ցույցերը դադարեն և հասարակությունը կարողանա վերադառնալ հանդարտ, կիսաավտորիտար վիճակի, որը գերակշռում էր Քոչարյանի վարչակազմի տարիներին: Իրավիճակի նորմալացում կսկսվի, որի դեպքում հեռարձակվող լրատվամիջոցները կշարունակեն վերահսկվել ռեժիմին աջակից ուժերի կողմից և հասարակության տարբեր տարրեր կիմանան, որտեղ են ընկած սահմանները:
Սա քաղաքական և տնտեսական կայուն լճացման խորացման բաղադրատոմս է ժողովրդավարական և արևմտականացման պատուհանի վարագույրների հետևում մինչև հաջորդ պայթյունը հնչի օրերից մի օր:
3. Ամենակառուցողական քայլը, որ Սարգսյանը կարող է իրատեսորեն անել, ազգային միավորմանն ուղղված գործողություններ կլինեն: Նա պետք է ի ցույց դնի իր ցանկությունը պայքարել կառավարությունում առկա կոռումպացված և բանդիտական տարրերի հետ: Այս առումով կարևոր քայլեր են արտակարգ իրավիճակի և մամուլի աշխատանքի խափանման վերացումը, ինչպես նաև հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող նախապաշարմունքներով լցված հաղորդումների կասեցումը: Երկարաժամկետ կտրվածքով դրական քայլեր կլինեն փոփոխությունները, որոնք պետք է իրականացվեն հանրային հեռուստատեսության և ռադիոյի համակարգող մարմնում, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությունում օբյեկտիվությունը և հավասարակշռությունն ապահովելու համար: Հնարավոր է թարմ վստահություն ապահովել` պատժելով կառավարամետ և ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր հանցագործություններ են գործել ընտրական շրջանում և բաց թողնելով ձերբակալված ընդդիմադիր գործիչների մեծ մասին: Վարչապետի և նոր կառավարության ընտրությունը շատ կարևոր են լինելու ցույց տալու համար այն ուղղությունը, որով շարժվում է Սերժ Սարգսյանը. նոր, թարմ դեմքերի լավ չափաբաժինը հանրության կողմից հավանության կարժանանա, մինչդեռ կոռումպացված դեմքերի վերադարձը կմեծացնի հանրային ցինիզմը:
4. Մենք զարմացած ենք, որ մի քանի լուրջ, ոչ ընդդիմադիր քաղաքական վերլուծաբաններ միմյանցից անկախ մասնավոր զրույցներում ասել են մեզ, որ, հիմնվելով վերջին երկու շաբաթվա իրադարձությունների վրա, իրենք ակնկալում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողանա իշխանությունը պահել մեկ կամ երկու տարուց ավելի:
Նրանց փաստարկն այն է, որ ընդդիմության ջինն արդեն շշից դուրս է եկել: Կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ԼՏՊ-ն կարող է համախմբել հանրային զայրույթը ժողովրդական հեղափոխության դրդելու համար: Մեկ այլ տարբերակով Սարգսյանը, հանդիպելով աճող ճգնաժամի, նույն ճակատագրին կարող է արժանանալ, ինչ ԼՏՊ-ն 1998-ին, այն է` ստիպողաբար հեռացվել իշխանությունից «ինսայդերների» խմբի կողմից:
Հնարավոր սցենարները ներկայացնելուց հետո Փենինգթոնը գրում է, թե ինչպիսին կարող են լինել ԱՄՆ-ի հետագա քայլերը:
1. Պարգևատրել լավ պահվածքի համար. Մոտակա ժամանակահատվածում մեզ համար լավագույն մարտավարությունը պաշտպանել Սերժ Սարգսյանի ջանքերը 3-րդ սցենարում նկարագրված կետերի իրականացման գործում: Մենք անընդհատ պնդում ենք, որպեսզի վարչապետը և նրա օգնականները նման քայլեր իրականացնեն, և շարունակելու ենք նման կերպ գործել: Մենք արդեն սկսել ենք և շարունակելու ենք «մեսիջներ» փոխանցել կառավարության և ԼՏՊ-ի ճամբարի միջև մինչև այն աստիճան, երբ երկու կողմերը կարողանան դա կառուցողական համարել:
2. Եթե չհամապատասխանեն մեր սկզբունքներին. Որքան կարևոր է քաջալեր վարաչեպտին ճիշտ քայլերի դիմել, այնքան կարևոր է նրան այն ճշմարտությունն ասել, որը մենք տեսնում ենք: Մենք հավատում ենք, որ մենք լավություն արած չենք լինի վարչապետին և հայաստանյան ժողովրդավարությանը, եթե թուլացնենք հակաժողովրդական պահվածքի քննադատությունը` անկախ նրանից դա կլինի իշխանության, թե ընդդիմության կողմից: Մենք պետք է հստակ «մեսիջներ» ուղարկենք վարչապետին, ինչպես նաև ընդդիմությանը առ այն, որ մենք նրանցից հաշվետվություն կպահանջնեք ճգնաժամի կառավարման գործընթացի ժամանակ: Վատ պահվածքը իր հետևանքները կունենա ԱՄՆ օգնության և ներգրավվածության հարցերում: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր հույսերը` կապված Սարգսյանի ավելի լավ էության հետ ավելի առաջ ընկնեն նրա կողմից ցուցադրված պարտավորություններից:
3. Երբ շնորհավորել Սարգսյանին. Արևմտյան դիվանագիտական առաքելության շրջանակներում անցյալ շաբաթ Մեթյու Բրայզայի այցի ընթացքում բազմաթիվ քննարկումներ կային այն մասին, թե երբ պետք Սերժ Սարգսյանին շնորհավորեն այն երկրները, որոնք դեռ չեն արել դա: Մեր կարծիքով` Սպիտակ Տան շնորհավորանքը այնքան էլ պատշաճ չէր լինի ներկայիս արտակարգ դրության և մամուլի սահմանափակումների պայմաններում: Մենք խորհուրդ ենք տալիս հետաձգել շնորհավորանքները մինչև 1. արտակարգ դրության վերացումը 2. կամ մինչև ապրիլի 9-ը` երդմնակալության արարողությունը, կախված, թե դրանցից որն ավելի շուտ: Մենք խորհուրդ ենք տալիս շնորհավորական ուղերձի մեջ նաև հատված ներառել Հայաստանում քաղաքական տարաձայնությունները լուծելու անհրաժեշտության մասին: