Home / Հայաստան / Գինեկոլոգի պատճառով խնդիրներով ծնված երեխան մահացավ հիվանդանոցում

Գինեկոլոգի պատճառով խնդիրներով ծնված երեխան մահացավ հիվանդանոցում

Վայքի ծննդատնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան, ով ծննդաբերական բաժանմունքի վարիչի անփութության պատճառով ծնվելու ժամանակ խնդիրներ է ունեցել և ընկել է կոմայի մեջ, մահացել է, հայտնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Epress.am-ը, ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում արդեն հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում ծննդատան բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երեխայի մոր` 20-ամյա Թորոսյան Արմինեի հարազատները պատմել են, որ օգոստոսի 14-ին, երբ իրենք աղջկան բերել են ծննդատուն, նրան դիմեդրոլ ու անալգին են սրսկել և ուղարկել տուն, քանի որ գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղված էր տանը բուրդ չփխելով:

 

Արդյունքում` երեխան ծնվել է ուշացումով, և ծննդաբերության ժամանակ խնդիրներ են ծագել:

 

«Մեր հարսը նորմալ հղիություն ա տարել, ոչ մի խնդիր չի ունեցել: Էդ Մետաքսյայի պատճառով ա, որ էսօր մեր էրեխեն 15 օր ա` կոմայի մեջ ա, բժիշկներն ասում են, որ գլխի 3-րդ ծալքի վրա արյան կուտակում կա, ասում են` էդ վերջ, էլ չի փրկվի, պրոստը էրեխու սիրտն առողջ ա, ապրում ա դեռ, չգիտենք` ինչ կլինի», – ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում պատմել է ծննդաբերող աղջկա սկեսրոջ քույրը` Ծովինար Խաչատրյանը:

Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ իրենց հայց չեն ներկայացրել Հովհաննիսյանի դեմ, քանի որ «մի գյուղի բնակիչ ենք, հո իրար թշնամի չենք, բայց Մետաքսյան չպիտի աշխատի»: