Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը (2008 թվականի դրությամբ Սերժ Սմեսովը – խմբ.) ճանաչում է, չի սիրում և հայհոյում է Հայաստանի նորանշանակ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին 2008 թվականի ապրիլին ԱՄՆ Պետդեպ ուղարկված և WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում գրել է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը:
Նկարագրելով, իր խոսքով, «մոսկվայամետ» Նալբանդյանին` ամերիկացի դիվանագետը բացատրում է Ֆրանսիայի դեսպանի նման վերաբերմունքը:
«Ֆրանսիայի դեսպանը չի սիրում և չի հարգում Նալբանդյանին: Արտաքին գործերի նախարարության շարքային աշխատակիցներն էլ, թվում է, հիասթափված են իրենց նոր նախարարից: Ֆրանսիայի դեսպանը խոստովանել է դեսպանատան աշխատակիցներին, որ Նալբանդյանին հաջողվել է խաբել Ելիսեյան պալատին (նախագահական նստավայր – խմբ.), որի արդյունքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորական նամակն` ուղղված նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին առաջիններից մեկն է հրապարակվել: Կարծես, Նալբանդյանի Ելիսեյան Պալատի աղբյուրն է նրան փոխանցել Սարկոզիի շնորհավորական նամակի սևագիր տարբերակը, իսկ Նալբանդյանն անմիջապես հրապարակել է այն ԶԼՄ-ներում որպես վերջնական տարբերակ, շատ ճիշտ խաղ խաղալով և գուշակելով, որ Ֆրանսիայի վարչակազմը անհարմար կգտնի հերքել նամակի բովանդակությունը», – գրում է Փենինգթոնը: