ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձոր գյուղում և Քաջարան Քաղաքում ապրող 12 երեխաների մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել, հաղորդում է «Էկոլուրը»:
Քաջարանը կառուցված է հենց Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վրա: Հանքավայրը աշխարհի ամենախոշոր հանքավայրերից է, այն շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Հանքը, որտեղ հանքանյութն արդյունահանում են բաց եղանակով, պայթեցնելով տարածքները, նույնպես գտնվում է քաղաքի տարածքում: Քաջարանի վերևով` Լեռնաձորի և կիրճի միջով, ձգվում է 36 կիլոմետրանոց պոչատար խողովակը, որով ԶՊՄԿ-ի պոչերը լցվում են Արծվանիկի պոչամբար: Պոչատարը հին է և կապիտալ վերանորոգում է պահանջում: ԶՊՄԿ-ն 2010թ. ավելացրել է արտադրության ծավալները մինչև 15 միլիոն տոննա (մինչ սեփականաշնորհումը` 2004թ., այդ ծավալը կազմում էր 7-8 միլիոն տոննա) և մտադիր է 2011թ. այդ թիվը հասցնել մինչեւ 18 միլիոնի: Պոչատարն ուղղակի չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը: Վթարների ժամանակ պարունակությունը լցվում է և ձոր, և գետ, և համայնքի հողերի վրա: