2009 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
Այս մասին տեղեկացնում է WikiLeaks կայքի գաղտնազերծած փաստաթուղթը, որը 2009 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Պետդեպ է ուղարկել Ջոզեֆ Փենինգթոնը:
Քոչարյանը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը սխալ ուղղությամբ է տանում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը` փակելով Թուրքիայի հարցում մանևրելու բոլոր ճանապարհները: Քոչարյանը հաստատել է, որ իրավիճակը սարսափելի չէ Սարգսյանի համար, բայց նշել, որ նա չպետք է նման ռիսկի դիմեր, որի հետևանքով «կարգավորման գործընթացը ձախողված է և սահմանն էլ փակ, ինչը միայն ստվեր կգցի Սարգսյանի նախագահության և նրա ու սփյուռքի հետ հարաբերությունների վրա»:
Զրույցի ընթացքում Քոչարյանն ասել է, որ ժամկետներ կպարտադրեր թուրքերին, և քննադատել է Սարգսյանին այդ քայլը չանելու համար.
«Այժմ Թուրքիան է թելադրում իրավիճակը, և մենք մանևրելու որևէ եղանակ չունենք»:
Նա նաև զգուշացրել է, որ այժմ Հայաստանը ներքաշվել է մի թելադրված գործընթացի մեջ, որը, ամենայն հավանականությամբ, որևէ արդյունք չի տա:
«Քոչարյանը քննադատել է նաև այն փաստը, որ Հայաստանը համաձայնել է պատմական հարցերով ենթահանձնաժողով ստեղծել: Նա ասաց, որ ինքը զարմացած էր, որ արտգործնախարար Նալբանդյանը նույնիսկ սրան է համաձայնել: «Ավելի լավ կլիներ,- հավաստում էր Քոչարյանը,- որ Հայաստանը պնդեր մեկ միջխորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցում, որը կարող էր ուսումնասիրել երկկողմ հարցերը (նման առաջարկ Քոչարյանն արել էր նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանին 2005 թվականին): Քոչարյանը նյարդայնացած ասում էր, որ այժմ նախագահ Սարգսյանը ձեռնարկել է «ավելորդ» և «վիճահարույց» շրջագայություն հայկական սփյուռքում, Արձանագրությունները պաշտպանելու համար», – գրում է Փենինգթոնը:
Դեսպանի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Արձանագրությունների նկատմամբ երկրում առկա դիմադրության վերաբերյալ, Քոչարյանն ի պատասխան ասել է, որ քաղաքական կուսակցությունները չեն կարող Սարգսյանի համար խոչընդոտ հանդիսանալ:
«Այդուհանդերձ նա ասաց, որ նախագահը կարող էր խուսափել Հայ Հեղափոխական Դաշնակցության դիմադրությունից մինչև Արձանագրությունների հրապարակումը` դրանց ձևակերպման հարցում նրանց հետ խորհրդակցելով: «Երկու շտկված բառ. ահա այն ամենն ինչ կպահանջվեր dաշնակների քննադատությունը չեզոքացնելու համար: Նա ասաց, որ որևէ քաղաքական կուսակցություն, բացառությամբ իշխող Հանրապետական կուսակցությունից, ներգրավված չէր խնդրի քննարկմանը: Զարմանալին այն էր, որ Քոչարյանը արհամարհանքով խոսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին` անվանելով այն «մեկ մարդու կուսակցություն», որն ասելու ոչինչ չունի», – ընդգծում է Փենինգթոնը:
Քոչարյանը կտրականապես հերքել է այն, որ Հայաստանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյան կտրուկ հայտարարություններն իր անունից են արվում: Քոչարյանը պնդել է, որ վերջերս Օսկանյանի միջամտությունը ավելի շատ պայմանավորված է նրա սկզբունքային դիրքորոշման հետ, և նրանով, որ ներկայիս վարչակազմը արհամարհում է Օսկանյանին և այդ հարցի շուրջ նրա մեկ տասնյակ տարի տարված աշխատանաքը:
«Վարդանը մտահոգված է»,- ասել է Քոչարյանը, «որովհետև նա զգում է, որ Հայաստանը ստիպված է վճարել սահմանի բացման համար այն դեպքում, երբ նա չպետք է դա աներ»: Քոչարյանը պնդել է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վիրավորել է Օսկանյանին չխորհրդակցելով նրա հետ, և որ Քոչարյանը խորհուրդ է տվել նախագահ Սարգսյանին Օսկանյանին խորհրդատուի դեր շնորհել հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Իշխանությունները կարող էին օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների հարցում երկրի ամենակոմպետենտ մարդուն, բայց դրա փոխարեն, նրան անկյուն մղեցին», – ասել է Քոչարյանը:
Ինչ վերաբերում է իրեն, ապա Քոչարյանը նշել է, որ դեռևս շարունակում է պարբերաբար խորհրդակցել նախագահի հետ պետական հարցերի շուրջ և որ վերջերս բարձրաձայնել է Թուրքիայի հարցով Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
«Բայց ես չեմ միջամտի նախագահի գործերին», – Յովանովիչին ասել է Քոչարյանը: Քոչարյանի խոսքով` միջամտության դեպքում նա ի վիճակի չի լինի թաքցնել այն, ինչ մտածում է կառավարության քաղաքականության և գործելաոճի մասին:
Իր մեկնաբանության մեջ Ջոզեֆ Փենինգթոնը նշում է, որ նախկին նախագահը ուշադրությամբ հետևում է պետական գործերին, և կարող է արագ վերադառնալ, եթե երաշխիքներ լինեն:
«Թվում է` նա իր նոր կյանքից հաճույք է ստանում շրջագայելով արտասահմանում առանց նախագահի պաշտոնով ծանրաբեռնված լինելու: Բայց շատ վաղ է Քոչարյանին անտեսել: «Ով գիտի՞: Գուցե, սա իմ միակ պատուհանն է ճանապարհորդելու համար», – ասել է նա», – իր մեկնաբանությունը եզրափակում է Փենինգթոնը: