Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը զարմացած է, որ իրավապաշտպան կազմակերպություններն իրեն խնդրել են ստորագրել հայկական բանակին վերաբերող իրենց հայտարարության տակ: Այս մասին իրավապաշտպանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Երեկ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են բանակում տիրող իրավիճակին, մարդկային զոհերին և պահանջում են ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանից գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:
Դանիելյանի խոսքով` մինչ այս «իրեն երբեք չէին համոզում» միանալ այլ իրավապաշտպանական նախաձեռնություններին, ինչպես նաև այլ իրավապաշտպանները չեն միացել իր նախաձեռնած ակցիաներին, որոնք վերաբերել են հայկական բանակում առկա կոնկրետ խնդրին` Լեռնային Ղարաբաղում հայաստանցիների ծառայելու փաստին:
Դանիելյանը նշել է, որ հրաժարվել է միանալ հայտարարությանը, ինչի մասին ասել է իրեն զանգահարած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանին, «Հյուս» ՀԿ-ի ներկայացուցիչ Լալա Ասլիկյանին և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:
Դանիելյանի խոսքով` նա խնդրել է հայտարարության մեջ կետ մտցնել, համաձայն որի «պետք է արգելվի Հայաստանի քաղաքացիներին ծառայել ԼՂՀ-ում և զավթված տարածքներում»:
«Դա պետք է իրավական դաշտ մտցնել: Օրինակ, եթե Հայաստանն ընդունի ԼՂՀ անկախությունը և ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիր կնքի, ապա այդ ժամանակ հայաստանցիները կարող են իրավական հիմքերով ծառայել Լեռնային Ղարաբաղում, իսկ այժմ նրանք զրկված են իրավունքներից և դրա պատճառով պաշտպանված չեն», – ասել է Միքայել Դանիելյանը:
Դանիելյանը նաև համաձայն չի եղել այն կետի հետ, որով 1 ամսյա ժամկետում իրավապաշտպանները պատրաստ են պահանջել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը:
«Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, Պաշպանության նախարար, նրա օրոք էլ խնդիրներ եղել են, թեև, գուցե, այսքան մեծ հնչեղություն չեն ստացել: Այնպես որ, նա կարող էր այդ խնդիրները վաղուց լուծել: Իսկ այժմ, պահանջելով նման բան, իրավաշտպաններն իրենց լյուֆտի մեջ են գցում», – նշել է Դանիելյանը:
Նա հավելել է, որ իր առաջարկները հայտարարության մեջ չեն ներառվել, այդ իսկ պատճառով ինքը հրաժարվել է ստորագրել այն:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահը կարևորել է հինգշաբթի զոհված զինվորների մայրերի բաց նամակը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում նրանք հարցնում են Օհանյանին. «Պարոն նախարար, խնդրում ենք պատասխանել` որ օրենքով է կարգավորվում ՀՀ քաղաքացու զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում»:
«Պարզվում է, որ բանակում զոհված զինվորների մայրերն ավելի իրավապաշտպան են, քան իրավապաշտպան հ/կ-ների նախագահները», – հավելել է Դանիելյանը: