Արարատ քաղաքի 34-ամյա բնակչուհի Ռոզա Ալոյանին, ով երեկ սպանել էր իր երկու որդիներին`6 տարեկան Վարդանին ու 4-ամյա Հայկին և անձամբ ներկայացել ոստիկանություն, ամուսինը`Գագիկ Խաչատրյանը, լքել է մի քանի տարի առաջ:
Նա, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում տարօրինակություններ նկատելով կնոջ վարքի մեջ, թողել է նրան 2 փոքր զավակների հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի թղթակիցները պարզել են, որ 22 տարի առաջ` 1989 թվականին, երբ Ռոզան 12 տարեկան է եղել, նրա հայրը` Հակոբ Ալոյանը, կացնահարելով սպանել է մորը: Սա հայրն արել է 4 երեխաների աչքի առաջ, որից հետո հորը 14 տարի ազատազրկման են դատապարտել, իսկ Ռոզային`երկու քույրերի և եղբոր հետ տեղափոխել Գավառի մանկատուն: Մանկատանը եղբոր ու մի քրոջ վարքի մեջ տարօրինակություններ, մասնավորապես`մտավոր հետամնացություն է նկատվել, իսկ Ռոզան և մյուս քույրը, մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի պատմելով, եղել են միանգամայն նորմալ: Հետագայում եղբայրը հայտնվել է բանտում, որտեղ էլ ինքնասպանություն է գործել: Ռոզան մինչև 1995 թիվն ապրել է մանկատանը, այստեղից էլ ուսանել է Էրեբունի բժշկական քոլեջում`ստացել է բուժքրոջ մասնագիտություն, ապա, պետական ծրագրի շրջանակներում` տուն: Մանկատնից դուրս գալուց հետո էլ ծանոթացել է ամուսնու հետ, որը ժամանակին աշխատել է «Մոսկվա» կինոթատրոնում`օձեր և այլ սողուններ է վարժեցնելիս եղել: Հոգեբանները չեն բացառում, որ տեսնելով մոր սպանությունը, 12-ամյա աղջնակի մոտ կարող էր առաջանալ հոգեկան տրավմա, ինչը հետագայում հնարավոր է խորացած լիներ և հանգեցներ այս սահմռկեցուցիչ արարքին:
Թերթը գրում է, որ երբ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները մտել են Շահումյան փողոցում գտնվող բնակարանը և տեսել սավանի վրա պառկեցրած մանկական դիակները, լաց են եղել: Ըստ նախնական տեղեկությունների` Ռոզա Ալոյանը խոհանոցում ջրի խողովակից օղակ է սարքել, սավանը գցել է ավագ որդու վզից և կախել: Երեխան 10 րոպե հետո շունչը փչել է: Երկու ժամ թողել է կախված վիճակում: Փոքր որդին մորը խնդրել է`«Մամ, ինձ ապերիկի նման չես անելու չէ՞»: Մայրն ասել է`չէ, բալես, մի´ վախեցիր: Սակայն Հայկին էլ է նույն ձևով կախել:
Երկուսին իջեցնելով, դրել է կողք-կողքի`մահճակալին, որից հետո, փակելով դուռը, գնացել է: Հեռանալուց առաջ բացել է մանկական Աստվածաշնչի «Քրիստոսն օրհնում է երեխաներին» էջը: Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը համոզված է, որ դա կրոնական հողի վրա է եղել: «Ոստիկանությունն այդ կնոջ տնից հայտնաբերել է հոգևոր բովանդակության կրոնական գրքեր, հատկապես աղանդավորական խմբերի կողմից հրատարակված: Էնպես որ, բացառում եմ սոցիալականը»,- ասել է քաղաքապետը:
Սպանությունից հետո Ռոզա Ալոյանը զանգել է ամուսնուն և ասել, որ երեխաներին «մի քիչ վնասել է»: Ամուսինը խառնվել է իրար, զանգել հարևաններին, խնդրել, մի բան անեն, մինչև ինքը Երևանից հասնի Արարատ: Ռոզան անձամբ է ներկայացել ոստիկանություն, ասել, թե որ հասցեում է բնակվում, և հայտարարել, որ սպանել է երկու երեխաներին: Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (սպանություն):