Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս համագործակցության ու բարեկեցության ապահովան գործում Հայաստան-Ադրբեջան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը չպետք է դիտարկվի որպես առանձին խնդիր: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի և «ՄԿ-Թուրքիա» գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայումս Հարավային Կովկասում բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հիմնական խոչընդոտն է:
«Այս հարցում Թուրքիայի կարծիքը համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն առաջընթացը, որին կարելի է հասնել ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհով, այդ տեսանկյունից որոշիչ նշանակություն կարող է ունենալ:
Այս առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատարստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել հիմնախնդրի լուծման ճանապարհների որոնման հարցում, որին անձնապես մասնակցում է ՌԴ նախագահ Մեդվեդևը, ինչպես նաև անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է խնդրի հետագա լուծման համար: Այս ճանապարհով ձեռքբերված առաջընթացը, անկասկած, դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այսպիսին է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ գործընթացը կարգավորվի»,- նշել է Գյուլը: