Home / Հայաստան / Սելին Դիոնի տուն ներխուժողը լոգանք է ընդունել և կարկանդակ կերել

Սելին Դիոնի տուն ներխուժողը լոգանք է ընդունել և կարկանդակ կերել

Այս շաբաթվա սկզբին 36-ամյա Դանիել Բեդարը ներխուժել է Մոնրեալի մերձակա քաղաքում գտնվող հայտնի կանադացի երգչուհի Սելին Դիոնի տուն:

Սկզբում Բեդարը փորձել է տուն մտնել գլխավոր մուտքից, սակայն դա նրան չի հաջողվել: Այնուհետև նա նկատել է երգչուհու ամուսնու` Ռենե Անգելիլի մեքենան: Բանալիները մեքենայի վրա են եղել, այդ թվում նաև ավտոտնակի բանալին: Օգտվելով բանալիներից` տղամարդը տուն է ներխուժել: Անգելիլն ու երեք երեխաներն այդ պահին տանը չեն եղել:

Տան ներսում Բեդարն իրեն բավական լավ է զգացել, լոգանք է ընդունել և կարկանդակներ տաքացրել: Սակայն նրա ներխուժումը նկատել են, և Բեդարի հանգիստն ընդհատվել է տեղ ժամանած ոստիկանների պատճառով:

Կարկանդակը ծամելով և աստիճաններով իջնելով` Բեդարը հարցրել է ոստիկաններին. «Բարի օր, տղերք, էս ի՞նչ եք էստեղ անում»: Ոստիկաններն իրենց հերթին հարցրել են, «Իսկ դո՞ւ ինչ ես անում»: Բեդարը ձերբակալված է: Նրա գործով դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: