Իսրայելի ԱԳ նախարարությունը վստահ է, որ Թուրքիան չի ցանկանում ընդունել իրենց ներողությունները: Նախարարության փորձագետների կարծիքով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Իսրայելի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամն օգտագործել մահմեդական աշխարհում իր շահերն առաջ մղելու նպատակով: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը:
Այս առնչությամբ նախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է միջազգագյին թատերաբեմում Թուրքիային հակազդելու միջոցառումներ կիրառել:
Առաջին քայլը կլինի բանակում ծառայած Իսրայելի քաղաքացիների նախազգուշացումը: ԱԳ նախարարությունը մտադիր է կոչ անել նրանց չթռչել Թուրքիա և չօգտագործել թուրքական օդանավակայանները որպես տարանցիկ կետ: Արտաքին քաղաքականության գերատեսչությունը մտավախություններ ունի, որ Թուրքիայի իշխանությունները կսկսեն բերման ենթարկել նախկին զինվորականներին:
Երկրորդ քայլը կլինի Հայաստանի հետ մերձեցումը, նախևառաջ, Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց Ցեղասպանության ճանաչումը: ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի ընթացքում Ավիգդոր Լիբերմանը մտադիր է հանդիպել հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ և նրանց առաջարկել Իսրայելի օգնությունը միջազգային թատերաբեմում հայերի ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացման գործում:
Երրորդ քայլով Իսրայելը պատրաստվում է քուրդ անջատողականների հետ սերտ համագործակցություն սկսել: Իսրայելցի դիվանագետները պատրաստվում են բացեիբաց հանդիպել անջատողական կազմակերպությունների ղեկավարների հետ և իրենց օգնությունն առաջարկել:
Բացի դա, իսրայելական դիվանագետները մտադիր են ակտիվորեն ներգրավվել Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում:
Այս բոլոր միջոցառումները կոչված են ստիպելու Էրդողանին գիտակցել Իսրայելի նկատմամբ թույլ տրված սխալը, և փափկեցնել հակաիսրայելական քաղաքականությունը: