2008 թվականի փետրվարի 29-ին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը գաղտնի փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որտեղ պատմել է այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին արված առաջարկության մասին:
WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը կարճ հանդիպում է ունեցել վարչապետի խորհրդական Լևոն Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում հաղորդել է նրան, որ ԱՄՆ կառավարությունը մտահոգված է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքականության մեջ առաջացած պատային իրավիճակով և կցանկանար իր օգնությունն առաջարկել երկու հակամարտողկողմերին՝ ընդդիմությանն ու իշխանություններին:
Այս առնչությամբ դեսպանատունը նշել է, որ թեև ընդդիմության հանրահավաքների մասնակիցների թիվը նվազում է, սակայն դրանց շարունակական լինելը մեծացնում է հնարավոր բախման հավանականությունը, և վկայում է այն մասին, որ ընտրողների մի զգալի հատված շարունակում է դժգոհ է մնալ վարչապետի հաղթանակից:
Դեսպանատան աշխատակիցն ասել է Մարտիրոսյանին. «Թեև ԼՏՊ-ի թիմի հրապարակային հայտարարությունները ոչ իրատեսական և մաքսիմալիստական են հնչում, այդուհանդերձ, մենք երկիմաստ առաջարկ ենք ստացել ԼՏՊ-ի ներկայացուցչի կողմից, որպեսզի ԱՄՆ-ն ներգրավվի գործընթացի մեջ որպես միջնորդ: Մենք չենք փորձում խրախուսել ցուցարարներին, ոչ էլ քաղաքական իրավիճակին ենք խառնվում: Եթե վարչապետի պատասխանը «ոչ, շնորհակալություն»-ն է, մենք պատրաստ ենք ընդունել այդ քաղաքական քայլը: Մենք մեր օգնությունն ենք առաջարկում երկու հակամարտող կողմերի հարաբերությունների վերականգնման հարցում, փետրվարի 26-ին հնչած վարչապետի ուղերձի համաձայն, որը կոչ էր անում բաց լինել և փոխզիջման գնալ»:
Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար և խոստացել է այն անմիջապես փոխանցել վարչապետին:
«Ընդհանուր առմամբ, նա թերահավատորեն արձագանքեց, թեև նշեց, որ անկասկած ԼՏՊ-ի թիմում ազդեցիկ խաղացողներ կան, որոնք կցանկանային որոշակի խելամիտ այլըտրանք գտնել ներկայիս առերեսման պայմաններում»,- իր մեկնաբանության մեջ գրում է Փենինգթոնը: